«Որ էս գիշեր լույսը բացվի, ողջ կմնամ». Սարգիս Ծատուրյան


«Որ էս գիշեր լույսը բացվի, ողջ կմնամ». Սարգիս Ծատուրյան
Մարտ 13 23:20 2026

2020 թվականի հոկտեմբերի 22-ի այդ երկար գիշերը լույսը չբացվեց Սարգիսի ու իր երկու մարտական ընկերների համար… Սարգիս Ծատուրյանը, Միսակ Մկրտչյանն ու Ժորա Մարտիրոսյանը զոհվեցին նույն անօդաչուի հարվածից, պատերազմի 27-րդ օրը: Սարգիս Դավիթի Ծատուրյանը ծնվել է Երևանում, 2001 թվականի փետրվարի 14-ին, սովորել է Մովսես Գորգիսյանի անվան 158 դպրոցում, ապա 115 ավագ դպրոցում… Հիմա այդ դպրոցներում հիշատակի անկյունները կան:

Բուհական ընդունելության քննությունները հանձնելուց հետո Սարգիսը 2019 թվականի հուլիսի 6-ին զորակոչվել է բանակ: Ծառայում էր արդեն, երբ մորաքրոջ աղջիկը տեղեկացրեց, որ ընդունվել է անվճար հիմունքներով… Սարգիս Ծատուրյանը ոչ մի օր ուսանող չեղավ, քանի որ աշխարհում եղավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Կրտսեր հրամանատարական դասընթացներն անցել էր Մարշալ Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական բրիգադում, եղել է բարեխիղճ, օրինակելի, մասնագիտական գիտելիքների իմացությամբ, բացառիկ խիզախ, կամային և հրամանատարական բարձր հատկանիշներով օժտված: Հետմահու արժանացել է «Մարտական ծատյության» մեդալի: «Կյանքին ծարավ գնաց անդարձ սուս ու փուս». այս խոսքերն էլ քարին են քանդակած: «Մորս նման ջիգյարով, տատիս դաստիարակած» «Նոր էինք ուրախանալու իրենով, ցուրտ ու մութ տարիներին շատ դժվարությոմբ ենք պահել-մեծացրել, ամբողջ Չարբախը ցավում էր իմ Սարգիսի համար»,- իրենց բնակարանում պատմում են զինվորի մայրը՝ Նաիրա Իսպիրյանն ու տատիկը՝ Խանում Մարդանյանը: «Պատերազմը որ սկսվել էր սեպտեմբերի 27-ին, ես տեղյակ չէի, առավոտը 6-ին էի աշխատանքի գնում, գործից ութն անց կես եկել-պառկել եմ, բանից տեղյակ չեմ, Սարգիսս զանգեց՝ «Մամ, ի՞նչ կա»: Երկրորդ անգամ զանգեց՝«Մամ, ինչ եք անում» Գործից եկել եմ, պառկել»: Երրորդ անգամ զանգեց. Մամ, ֆեյսբուք մտե՞լ ես:…Ամեն ինչ լավ ա, մենք ստեղ ենք, որ դուք լավ լինեք: Անընդհատ կապի մեջ էր. «Մենք լավ տեղում ենք, մեզ չեն տարել, Կուբաթլու ենք»: Բայց առաջին օրից Ջաբրայիլ էին, թե որտեղ էր մտնում-զանգում, աղմուկ չէր լսվում: Առաջին օրերին հարցնում էր. «Մամ ջան, երբ է վերջանալու, երեք օր անցավ, մամ, բա Ռուսաստանը չի խոսո՞ւմ, ուրեմն երկար է տևելու: Նիկոլի մասին ստեղ վատ բաներ են խոսում…»: Մի օր մանկապարտեզում աշխատանքի էի, զանգեց, ասաց ով կա կողքիդ, հեռախոսը փոխանցի: Անահիտը վերցրեց, հարցրեց՝ ինչ է եղել, տղաս, ասել էր՝ «Է՜, լավ բան չկա, մամայիս լավ կպահեք»: Այդ օրը զանգեց երեք անգամ. «Չէ, ուղղակի զանգել եմ, որ չանհանգստանաք: Տատիկի հետ կգա՞ք ինձ տեսնելու, հինգ րոպեով, ոչ մի ուտելիք չեմ ուզում: Դպրոցի պադվալում, հարթ տեղում պառկած եմ, ուզում եմ քեզ ու տատիկին տեսնեմ»: Ես էլ ոտքի եմ ելել, քրոջս երեխեքն անում են՝ «Մոք ջան, չես կարա, ո՞նց կարաս հասնես Սարգիսին, ճամփա չկա»: Ինձնից թաքուն զանգել են, թե Սարգիս ջան, կարող ա վիրավոր ես: Քրոջս աղջկան ասում է ՝ «Գնում եմ պոստեր, մամային չասես, որ էդ օրը լուսացնեմ, ողջ կմնամ»:


Մորաքրոջ աղջիկը՝ Մանուշակ Մանուկյանը, պատմում է, որ մանկուց իրար հետ են մեծացել, որ անվճար էր ընդունվել, բանակում էր արդեն, որ իմացել են: «Պատերազմի ժամանակ էլ մեզ ուժ էր տալիս, բայց մենք ծանր էինք տանում, բանակ ճանապարհելն էլ ծանր տարանք,տան միակ երեխան էր… Կուբաթլու էր պատերազմը սկսելու ժամանակ, մեզ ասում էր. «Գնացեք մամայի մոտ, ամեն րոպե կարաք վատ լուր լսեք, Խաչատրյան հրամանատարի զոհվելուց հետո շատ վատի էր սպասում… Ժորա Մարտիրոսյանը, Միսակ Մկրտչյանն ու Սարգիսը նույն օրն են զոհվել, նույն տեղում, անօդաչուից: Ինձ ասում էր՝«Էն, ինչ որ կինոյում եք տեսել, խաղ ու պարա սրա համեմատ»: Միշտ ասում էր՝ մամ ջան, թագուհու պես եմ պահելու, չնեղանաս, բայց պապային էլ պիտի պահեմ: Միսակի եղբայրն է բերել Սարգիսին ու Միսակին, իմանալուց հետո մեկ օր է տևել»,- պատմում է Մանուշակը: Գիշերը 12-ին, 1-ին Սարգիսը նրան գրել էր. «Եթե լույսը բացվի, ողջ կմնամ»: «Անտերուդուս տարել են Ջաբրայիլ, իրենք փախել են: ժամը 8-ին զանգեց՝ հաջող ասաց, ոնց որ բոլորին… էդ էր»,- պատմում է մայրը: Պատմել են, թե ոնց է վիրավոր ընկերոջը հանել մարտի դաշտից: Բարձրահասակ էր, գեղեցիկ կազմվածքով, սպորտով էր զբաղվում, երբեմն էլ մորն ասում էր. «Մամ, գիտես ինչ տղա ունես, ես ոնց կարող եմ ընկերներիս նեղացնել, ո՞ւմ պիտի քաշեմ, քո նման ջիգյարով, տատիս դաստիարակած: Բոլորն էլ իմ Սարգիսի մասին լավն են խոսում, հրաշքս գնաց ինձնից»: