Պարզ բացատրություն ունի, թե ինչու եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագների ժամանակ տեքստից շեղվում են և հղում են անում Արցախի Հանրապետությանը, և այլն, և այլն... Շատ լավ, հասկացանք, եթե բոլորս հղում անենք Արցախի Հանրապետությանը, դա նշանակում է կոնֆլիկտ։ Ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ»,- ասաց նա։
Փաշինյանն առաջ ընկնելով՝ նշեց, թե լրագրողները կհիշեցնեն, որ ինքն էլ ժամանակին ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ապա ավելացրեց. «Աստվածաշնչում նման հատված կա, ոչ բառացի մեջբերեմ՝ «ողբ արեցինք և դուք լավ չեղաք, նվագ հնչեցրինք և դուք պար չեկաք...»։ Այն ժամանակ, երբ որ պայքարելու ժամանակն էր, բոլորը կենտրոնացած էին՝ ոնց Երևանում կառավարությունը փոխեն, ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեին։ Ավարտվել է, Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ խորանից հղում են անում, ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Ադրբեջանն էլ այդ դեպքում իր խոսույթն է զարգացնում։ Ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, կա փախստականի վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ իր վերադարձի մասին է խոսում»։ Փաշինյանը նաև նշեց, թե ամեն ինչ «հումանիտար անմեղ թեմաներից է սկսել՝ մի քար, մի հուշարձան...»։










