Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին. յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է. Վահագն Խաչատուրյան


Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին. յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է. Վահագն Խաչատուրյան
Մարտ 3 15:16 2026

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Կաթիմերինի» օրաթերթին` ամփոփելով Հունաստան կատարած պետական այցը։ Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահը նկատել է, որ բազմաթիվ հայ սպաներ են կրթություն ստացել Հունաստանում, սա շարունակական գործընթաց է, հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում ՀՀ զինված ուժերում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ այս համագործակցությունը պետք է շարունակվի։

 

 

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որն ամբողջությամբ «Արմենպրես»-ը ներկայացրել է:

 

Վերջին անգամ Հայաստանի ղեկավարի այցը Հունաստան տեղի է ունեցել 2016 թվականին։ Ինչպե՞ս են զարգացել երկկողմ հարաբերությունները վերջին տասնամյակում և որոնք են Ձեր այցի նպատակները։

 

Հայաստան–Հունաստան հարաբերությունները ես չեմ հաստատել․ դա մեր ժողովուրդների որոշումն է՝ հիմնված մեր պատմության և ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք բովանդակային քննարկումներ վարելու և ներկայացնելու մեր հարցերը։ Այդ առումով հանդիպումները իսկապես հաջող էին։ Իսկ երբ գալիս ես Աթենք, պարտադիր է նաև հաղորդակցվել այն մշակույթի հետ, որն արտահայտում է այս քաղաքը։ Ձեզ համար, գուցե, դա սովորական է, բայց մեզ համար բացառիկ և շատ կարևոր։

 

Ձեր կառավարությունը ռազմավարական նպատակ է դրել Հայաստանը վերածել տարածաշրջանային էներգետիկ և տարանցիկ հանգույցի՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի շրջանակում։ Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի դերի վրա տարածաշրջանում։

 

Մենք միշտ հետաքրքրված ենք եղել էներգետիկ ոլորտով և մեր տարածաշրջանի դերով՝ որպես էներգետիկ հանգույց դեպի Եվրոպա։ Վերջին տարիներին բախվել ենք որոշ մարտահրավերների։ Երեք տարի առաջ Ադրբեջանը ներկայացրեց իր կանաչ էներգիայի արտահանման ծրագրերը դեպի Եվրոպա՝ առանց Հայաստանի մասնակցության։

 

2024 թվականին «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) միջազգային գագաթնաժողովում ես հստակ բարձրաձայնեցի Հայաստանի ներգրավման հարցը։ Եվրոպական Միության ղեկավարությունը դրան աջակցեց։ Հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանը պետք է ընդգրկվի։ Սա մեզ համար իրական հնարավորություն է։

 

Հայաստանն ունի զգալի ներուժ։ Մենք ունենք կանաչ էներգիայի ավելցուկ և փնտրում ենք դրա արդյունավետ օգտագործման ուղիներ։ Արևային հզորությունները գրեթե տասնապատկվել են՝ կազմելով մեր էներգետիկ հաշվեկշռի 16%-ը՝ 2030 թվականի համար նախատեսված նպատակին հասնելով ավելի վաղ։

 

Կառավարության քաղաքականությունը այնքան գրավիչ էր, որ մասնավոր հատվածը շատ արագ արձագանքեց և ակտիվացավ։ Սակայն այսօր մենք բախվում ենք գործնական մի խնդրի՝ ամռան ամիսներին արտադրում ենք մեծ քանակությամբ արևային էներգիա, սակայն չունենք բավարար պահեստավորման կարողություններ։ Այն ամբողջությամբ արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ կլինի սահմանափակել ջերմային էլեկտրակայանների աշխատանքը։ Այնուամենայնիվ, սա խնդիր է, որը հնարավոր է լուծել։

 

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի հիման վրա, որտեղ հայրենասիրությունն ու պատմական հիշողությունը տարանջատվում են «պատմական Հայաստանի» գաղափարից, ինչպե՞ս եք սահմանում ժամանակակից հայկական ինքնությունը և որո՞նք են ձեր երկրի հիմնական առաջնահերթությունները։

 

Այս հարցը մասամբ քննարկել եմ նաև Հունաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կան խմբեր, որոնց համար հիմնական հենակետը պատմական հիշողությունն է։ Եվ հիշողությունը կարևոր է․ այն չի մոռացվում, և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ այն։ Սակայն իրական կյանքն ունի իր պահանջները։ Պատմական հիշողությունը չպետք է խոչընդոտի մեր երկրների զարգացմանն ու բարեկեցությանը ձգտելուն։ Հարցը հավասարակշռության մեջ է։

 

Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է։ Անձամբ ես ինձ թույլ չեմ տալիս առաջնորդվել կարծրատիպային դատողություններով։ Կան տարբեր տեսակետներ և իրավիճակի տարբեր գնահատականներ։ Կարևորը քաղաքական պատասխանատվությունն է։ Ութ կամ ինը ամիս առաջ քչերը կհավատային, որ կկարողանանք խաղաղության գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, սակայն միջազգային աջակցությամբ մեզ հաջողվեց առաջ շարժվել։

 

2025 թվականի օգոստոսին նախաստորագրվեց 17 հոդվածից բաղկացած խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը ներքին արձագանքներ առաջացրեց։ Ինչպե՞ս են այսօր ձևավորվում տարածաշրջանային գործընթացները։

 

Այսօր տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական և տեսանելի հնարավորություն։ Արդեն ավելի քան մեկ տարի սահմաններին կրակոցներ չկան։ Փոխարենը՝ սկսվել են առևտրային փոխանակումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ Բաքվում և Երևանում։

 

Վերջերս ադրբեջանական պատվիրակությունը հատեց սահմանը արդեն սահմանազատված հատվածով և մասնակցեց խոշոր միջոցառման։ Նման նախաձեռնություններ, այդ թվում՝ եվրոպական երկրների և երիտասարդների մասնակցությամբ, իրականացվել են հանգիստ և առանց խնդիրների։ Սրանք շոշափելի առաջընթացի նշաններ են։

 

Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգստանանք։ Կան նաև ներքին հոռետեսական ձայներ և երկրի ապագայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ։ Կարևորը այն է, որ ամեն ինչ կատարվում է բաց և հրապարակային։ Գաղտնիություն չկա։ Կան տարբեր կարծիքներ, բայց գործընթացները թափանցիկ են։

 

Հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը և նրա ամերիկացի գործընկերը ստորագրեցին ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նույն ամսին թողարկեցինք պետական պարտատոմսեր՝ 50 միլիարդ դրամ արժողությամբ (մոտ 120 միլիոն դոլար)։ Պահանջարկը եռապատիկ էր՝ հասնելով 150 միլիարդ դրամի։ Վերջնական տոկոսադրույքը կազմեց 8,06%։ Եզրակացությունը հստակ է․ տնտեսական ռազմավարության նկատմամբ վստահությունն անմիջականորեն կապված է քաղաքական կայունության և կառավարության նկատմամբ վստահության հետ։

 

Ինչպե՞ս են Ուկրաինայի պատերազմի զարգացումները ազդում Հայաստանի ռազմավարության և անվտանգության վրա՝ հաշվի առնելով, որ նկատվում է ձեր երկրի շրջադարձը դեպի ԵՄ և ԱՄՆ։

 

Իրականում այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այս կամ այն կերպ անմիջականորեն ազդում է մեզ վրա։ Ուկրաինայում ապրում է շուրջ 500,000 հայ, իսկ Ռուսաստանում՝ գրեթե 2 միլիոն։ Ցավոք, այսօր նրանք գտնվում են հակադիր ճամբարներում։ Սա հաճախ հրապարակավ չի ասվում, բայց դա ցավ է, որը մենք բոլորս զգում ենք։

 

Սա է պատճառը, որ մենք չենք ընտրում որևէ կողմ և պնդում ենք խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, կա հիմնարար սկզբունք, որը պետք է քննարկվի։ Ադրբեջանի հետ մենք համաձայնության եկանք մի կարևոր հարցում, որից հայկական կողմը նախկինում խուսափում էր՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

 

Կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում տարաձայնությունների լուծման համար անհրաժեշտ է ընդհանուր հիմք։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր պետություն կարող է տարածքային պահանջներ ներկայացնել մյուսների նկատմամբ։ Բալթյան երկրները, օրինակ, շարժվեցին հստակ սկզբունքներով, անդամակցեցին Եվրոպական Միությանը և ապահովեցին իրենց անվտանգությունը։

 

Սա այն ուղղությունն է, որը պետք է առաջնորդի մեզ։ Բոլորս սպասում ենք բանակցությունների ավարտին, ինչը վճռորոշ կլինի։ Եվ երբ միջնորդում ենք կամ դիրքորոշումներ ենք ձևակերպում, պարտավոր ենք լինել առավելագույնս զգույշ։ Հիմնական սկզբունքը պետք է լինի մեկը՝ չվնասել։

 

Ձեր այցի ընթացքում հանդիպեցիք նաև Հունաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Որո՞նք են այն ոլորտները, որտեղ տեսնում եք երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններ։

 

Բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, գիտություն, զբոսաշրջություն։ Հայաստանը փոխվել է։ Մեր քաղաքական նպատակներն այժմ ունեն նոր շրջանակ։ Այդ պատճառով պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։

 

Տնտեսական ոլորտում արդեն ունենք կարևոր համաձայնագրեր ԱՄՆ-ի և «NVIDIA» ընկերության հետ։ Իրականացնում ենք արհեստական բանականության կենտրոնի ստեղծման նախագիծ։ Մինչև վերջերս խոսում էինք 500 միլիոն դոլարի ներդրումների մասին, այսօր խոսում ենք միլիարդների մասին։ Սա զարգացում է, որը պահանջում է լուրջ պատրաստվածություն և ներգրավման կարողություն, բայց նաև հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ խոշոր ընկերությունների համար։

 

Ամենակարևորն այն է, որ արդեն ստացել ենք ԱՄՆ-ի թույլտվությունը NVIDIA-ի գերհզոր չիպերի ներմուծման համար, և բազմաթիվ ընկերություններ կարող են մասնակցել այդ գործընթացներին։

 

Առևտրային ակտիվությունն ավելի ու ավելի է ընդլայնվում։

 

Կրթությունն ու մշակույթը նույնպես առանցքային ուղղություններ են։ Մենք այցելեցինք Ակրոպոլիսի թանգարան, որտեղ Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանի հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նույնը վերաբերում է նաև կրթության ոլորտին։

 

2026 թվականի համար Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագրից հետո, որը ներառում է նաև հատուկ նշանակության ուժերի համատեղ պատրաստություն, կարծում եք հնարավո”ր է ավելի ամրապնդել պաշտպանական համագործակցությունը։

 

Ջեյ Դի Վենսի այցից հետո Հայաստան, որտեղ ներկայացվեց նորագույն, բարձր տեխնոլոգիական անօդաչու սարք, ինչը մինչև մի քանի ամիս առաջ մեզ համար հասանելի չէր, հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են։ Այժմ առկա են հեռանկարներ պաշտպանության բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերական ոլորտում։

 

Սակայն ամենակարևորը մեր ավանդույթն ու փորձն են պաշտպանական ոլորտում։ Չպետք է մոռանանք, որ բազմաթիվ հայ սպաներ կրթություն են ստացել Հունաստանում։ Սա շարունակական գործընթաց է, և հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում մեր զինված ուժերում։ Այս համագործակցությունը պետք է շարունակվի։

 

Ձեր ծրագրում ընդգրկված էր նաև հանդիպում Հունաստանում հայկական համայնքի հետ։ Ի՞նչ դեր եք վերապահում սփյուռքին ազգային ինքնության պահպանման գործում և ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Հունաստանում ապրող այն երիտասարդ հայերին, ովքեր երբեք չեն այցելել Հայաստան։

 

Մենք շատ ուրախ ենք, որ այժմ գործում են ամենօրյա ուղիղ չվերթներ Աթենք–Երևան ուղղությամբ ։ Համայնքի հետ հանդիպման ընթացքում մի երիտասարդ հարցրեց, թե ինչ կարող է անել Հայաստանի համար։ Ես պարզապես պատասխանեցի՝ գնել տոմս և գալ այցելելու։

 

Մենք նաև իրականացրել ենք վիզային հատուկ համաձայնություններ, որոնք հեշտացնում են թե՛ հայերի ելքը դեպի արտասահման, թե՛ օտարերկրացիների այցը Հայաստան։

 

Համայնքի հետ հանդիպումը բովանդակալից էր։ Կային սպասումներ և հարցեր՝ հիմնականում ներքաղաքական իրավիճակի, սահմանների, ինչպես նաև մեր հարևանների՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։