Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրը


Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրը
Փետրվար 24 13:58 2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Արտակ Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։

Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։

Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։

Սա վանդալիզմ չէ։ Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։

Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։

Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։

Պատմությունը հնարավոր չէ ջնջել»։