Շարունակելու եմ բարձրաձայնել մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին. Աշոտյան


Շարունակելու եմ բարձրաձայնել մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին. Աշոտյան
Փետրվար 23 21:30 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակումը.

«Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով և հավատքով։

Այսօրվա Եվրոպան, իր ինքնության ճգնաժամին զուգահեռ, գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքները՝ հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։

Իսկ այսօվա Հայաստանն, իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով», նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։

Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելի եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։

Եվ ապագայի Հայաստանը պիտի լինի իրական եվրոպական արժեքների պետություն՝ արժանապատիվ, ժողովրդավար, մրցունակ և ժամանակակից, առանց քաղբանտարկյալների,  մարդու հիմնարար ազատությունները հարգող, քրիստոնեական արժեքների վրա խարսխված։

Դրան հասնելու փաստաթուղթը և ճանապարհային քարտեզը մենք 2017-ի աշնանը ստեղծել էինք՝ Սերժ Սարգսյանի ջանքերով, սակայն հոգով բարբարոս ռեժիմապետը քանդեց նաև դա՝ Հայաստանի իրական բարեփոխումների նախագիծը, Հայաստանի եվրաինտեգրումը վերածելով էթնոմշակութային պապուասության։

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին»։