Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը


Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Հունվար 14 17:53 2026

Ցավալի է տեսնել տիրադավ եպիսկոպոսներին և նրանց հարած քահանաներին՝ իրար հերթ չտալով տարբեր հեռուստաալիքներով հանրային ձևով բոլորի առաջ իրենց ընտանիքից (Մայր Եկեղեցուց) և ընտանիքի հորից (Վեհափառ Հայրապետից) բամբասելիս, այս մասին հայտարարել է Սամվել դպիր Գրիգորյանը։

«Մարդկայինով պարզ է, թե դա ինչպիսի անընդունելի արարք է յուրաքանչյուրի համար: Եկեք քննենք նաև Աստվածաշնչով նրանց արարքը.

1. Մի՞թե նրանք չեն կարդացել Աստվածաշնչյան այն դրվագը (Ծննդ. 9:20-27), երբ Նոյն անիծեց իր զավակ Քանանին, երբ նա իր հոր մերկության մասին պատմեց իր եղբայրներին։ Մի՞թե դա են ուզում ժառանգել:

2. Մի՞թե նրանք չեն կարդացել Աստվածաշնչյան այն դրվագը (Թվ. 12:1-10), երբ Մարիամն ու Ահարոնը (ովքեր Մովսեսի քույրն ու եղբայրն էին և բարձրաստիճան առաջնորդներ) սկսեցին բամբասել Մովսեսից (Աստծո կողմից կարգված առաջնորդից)։ Աստված անձամբ միջամտեց և ասաց. «Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին»։ Մարիամն անմիջապես բորոտ դարձավ ձյան նման:

3. Եթե նույնիսկ Մովսես մարգարեի հարազատ քույրն ու եղբայրը չունեին նրան քննադատելու իրավունք, ապա դուք, որպես հոգևորական, ինչպե՞ս եք համարձակվում բամբասել Հայոց Հայրապետից:

4. Ինչպես Մարիամը բորոտությամբ պատվեց, երբ համարձակվեց բամբասել Մովսեսից, այնպես էլ այսօր բամբասողի հոգին պատվում է հոգևոր բորոտությամբ։ Դա մեկուսացնում է մարդուն Աստծո շնորհից և կտրում Եկեղեցու կենսատու մարմնից։ Աստված հարցնում է յուրաքանչյուրիս. «Եթե Ես եմ նրան այդ Աթոռին բազմեցրել, դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ընտրյալին»: Մենք, փոխանակ ծածկենք մեր հոր ամոթույքը, բացում ենք այն ամբարիշտների առջև: Փոխանակ Նարեկացուց օրինակ վերցնենք ու քննենք մեր բազում մեղքերը, հանենք աչքներիս գերանը, խոշորացույցով ուրիշի աչքի շյուղն ենք ման գալիս: Դա՞ է մեր իմացած քրիստոնեությունը:

5. Եթե Պողոս առաքյալը հարգեց նույնիսկ իրեն հալածող քահանայապետին (Գործք 23:5), ինչպե՞ս են Մայր Եկեղեցու քահանաները, եպիսկոպոսներն իրենց թույլ տալիս բամբասել կամ զրպարտել մեր Եկեղեցու Եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին:

6. Մի՞թե նրանք չեն կարդացել Պողոս առաքյալի հանդիմանությունը. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4): Կաթողիկոսի Տերն Աստված է, և միայն Աստված է Նրա դատավորը։ Բամբասողները խախտում են Աստծո բազում պատվիրաններ և պատգամներ։

7. Սավուղը փորձում էր սպանել Դավթին, բայց երբ Դավիթը հնարավորություն ունեցավ սպանելու Սավուղին, նա չարեց այդ, այլ ասաց. «Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրայ, որովհետեւ նա Տիրոջ օծեալն է» (Ա Թագ. 24:7): Իսկ դուք կարգալույծների, հերձվածողների, ապստամբ անօրենների, ամբարիշտների և այլոց հետ ասպատակել էիք Մայր Աթոռ և ուզում էիք ձեռք դնել Տիրոջ օծեալի վրա, ում օծումը կատարվել է բոլոր նվիրապետական աթոռների կողմից Սուրբ Էջմիածնում:

8. Այն հոգևորականները, որոնք հիշատակում են Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ ինչպե՞ս են այդ նույն լեզվով բամբասում նրանից։ Մի՞թե սա հոգևոր երկդիմություն չէ:

9. Երբ մենք մեր լեզուն բացում ենք Եկեղեցու Հայրապետի կամ Աստծո կողմից կարգված առաջնորդի դեմ, մենք չենք քննադատում լոկ մի մարդու, այլ կռիվ ենք տալիս Աստծո կողմից հաստատված կարգի դեմ։

10. Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ ով առանց եպիսկոպոսի (առավել ևս եպիսկոպոսապետի) գիտության մի բան է անում, նա ծառայում է սատանային։ Նրանք խրատում են հետևել Հայրապետին հնազանդությամբ, որովհետև նա է Եկեղեցու միասնության երաշխավորը:

11. Ս. Գրիգոր Տաթևացին սովորեցնում է, որ Եկեղեցու հիերարխիան նման է մի շղթայի, որը կապված է երկնքին։ Եթե մեկը փորձում է կտրել այդ շղթայի օղակներից մեկը՝ բամբասանքով կամ ըմբոստությամբ, նա ցած է ընկնում հոգևոր բարձունքից. «Բամբասանքը սպանում է երեքին. խոսողին, լսողին և նրան, ում մասին խոսվում է»։

12. Սթափվե՛նք և սանձե՛նք մեր լեզուները։ Եթե ունենք մտահոգություն, աղոթե՛նք, բայց ո՛չ բամբասենք։ Չլինենք կեղծավորների պես, չթաքնվենք «բարենորոգության» չարափառ ու շինծու քողի տակ ու ստի հոր գործերն անենք:

Վերջապես. Որևէ մեկը տեսե՞լ, լսե՞լ է, որ Վեհափառ Հայրապետը երբևէ բամբասի որևէ մեկից, մանավանդ իր հոգևոր զավակներից, եպիսկոպոսներից, քահանաներից, չարախոսի որևէ մեկի հանդեպ, անգամ նրանց տիրադավ և եկեղեցադավ ընթացքի պարագայում: Նա գերհամբերատար սպասում է նրանց զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը: Թող օրինակ վերցնեն նրանից, գոնե տղամարդ լինեն։

Սա ինքնաբացահայտման և ինքնալյուստրացիայի յուրօրինակ գործընթաց է՝ Տիրոջ կողմից թույլատրված: Ամեն մեկն իր տեղում թող լինի, իսկ հավատավոր հոտը թող ավելի ջերմեռանդ լինի աղոթքի, նախանձախնդիր իր սրբությունների պաշտպանության ու հետևողական հավատքի ամրապնդման մեջ»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։