ՔՊ-ն իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ԱԺ ընտրություններին, և մեզ համար կուսակցությունում նոր իրավիճակ է ստեղծվել, երբ ցուցակը հապճեպ չենք կազմելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ կուսակցության ցուցակում որպես պատգամավորության թեկնածու չընդգրվելու հարցին։
«Իրականությունն այն է, որ կուսակցությունն ինձ հրավիրել է և կարճ քննարկում է եղել, հաջորդ օրն ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա ես ունեմ 2 ճանապարհ. առաջինը՝ գնալ տուն և չլինել ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ իրավունքները»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նա հայտարարեց, թե ընտրել է երկորրդ ճանապարհը, բողոքարկելու է վարչության որոշումը։
«Սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Փաշինյանին և մասնակցել եմ տարբեր ակցիաների»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց նաև, թե իր՝ հաջորդ խորհրդարանում չլինելու վերաբերյալ մամուլի հրապարակումները բացահայտ պատվերով են եղել։
«Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց, նրանց անուններն այս պահին չեմ ուզում տալ»,-ասաց Հայկ Սարգսյանը։










