Օդի որակը լավացել է. շինարարությունը չի կանգնել, չէ՞, մեքենանները շարժը չի դադարել, չէ՞. Տիգրան Ավինյան


Օդի որակը լավացել է. շինարարությունը չի կանգնել, չէ՞, մեքենանները շարժը չի դադարել, չէ՞. Տիգրան Ավինյան
Դեկտեմբեր 15 10:46 2025

Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ զեկուցել է Բնապահպանության վարչության պետի ժ/պ  Սիրարփի Հայկազյանը:

 

«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավագանու նիստով երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները: Փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որը պարտադիր բարեկարգման նորմեր է ենթադրում: Այն կիրառվելու է հանքավայրերի նկատմամբ»,-նշել է նա: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցադրումներ է ուղղել.

 

«Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞: 

-Ո՛չ։ 

Պարոն Հարությունյան, դուք քաղաքում մեքենաների շարժը չեք արգելել, չէ՞։ 

-Ո՛չ: 

-Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը և դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում»:

Ավինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով:

«Այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ օդը դեպի քաղաք: Շատ դժվար բան եմ ասում, բայց, կարծում եմ՝ իրագործելի բան է և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,-եզրափակել է Երևանի քաղաքապետը։