Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան


Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան
Դեկտեմբեր 13 10:28 2025

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը դիտարկումներ է արել ՀՀ տնտեսության վերաբերյալ․

«Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության իրական դեմքը (երբ գների աճը սնուցվում է վարկերով, իսկ շուկան՝ կենտրոնանում է Երևանի վրա)

2025թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկան գրանցել է թվային աշխուժություն, մասնավորապես, իրականացվել է ավելի քան 23 000 գործարք, ինչը նախորդ տարվա համեմատ էական աճ է։
Բայց ինչպես միշտ՝ թվերի ետևում իրականությունն այլ է։

Գործարքների աճը կենտրոնանում է միայն Երևանում

Հոկտեմբերին գրանցված առուվաճառքի շուրջ 1 770 գործարք գերակշռորեն կատարվել են հենց մայրաքաղաքում։ Մարզերի մեծ մասը՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Տավուշ, գրանցել են կամ նվազում, կամ աննշան ակտիվություն։

Արդյունքում՝ Երևանը կլանում է ամբողջ շուկայի ավելի քան 30–35%-ը, մինչդեռ մարզերում անշարժ գույքը շարունակում է մնալ պահանջարկի սահմանումներից դուրս։

Սա արդեն ոչ թե շուկայի նորմալ կենտրոնացում է, այլ՝ տարածքային անհավասարության խորացում։

Գները շարունակում են բարձրանալ՝ կտրվելով իրական եկամուտներից

2025թ․ հոկտեմբերին Երևանի բնակարանների 1 քմ միջին գինը մոտեցել է 920 000 դրամի։ Մարզային քաղաքներում գներն արդեն 3-ից 7 անգամ ցածր են (125–325 հազ. դրամ)։
Այս գների տարբերությունն այլևս չի բացատրվում «շուկայի պահանջարկով»։ Սա եկամտային անհավասարության, «ներդրումային» գնորդների և արտաքին պահանջարկի համակցված արդյունք է։
Երևանի բնակարանային պահանջարկի զգալի մասն ապահովվում է ոչ թե բնակչության իրական կարիքներով, այլ վարկային ֆինանսավորմամբ, ներդրումային գնմամբ, ինչպես նաև օտարերկրյա անձանց ակտիվ մասնակցությամբ։

Օտարերկրացիների գործարքները շարունակում են բարձր մնալ

Հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է 482 գործարք, որոնց ավելի քան 60%–ը ռուսական ծագման անձանց կողմից է։ Իրականում սա ներքին շուկայի վրա ձևավորում է լրացուցիչ, արտաքին պահանջարկի ճնշում՝ գները մղելով դեպի վեր։
Այս պայմաններում շուկան կորցնում է իր բնակարանային բնույթը և վեր է ածվում ֆինանսական ակտիվների «պահպանման» վայրի։

Հիփոթեքային բումը շուկան տեղափոխում է վարկային կախվածության

Հոկտեմբերին գրավադրման գործընթացները հասել են 1225 միավորի՝ գրեթե կրկնապատկվելով (+99%) մեկ տարվա ընթացքում։

Այսինքն՝ անշարժ գույքի շուկայում պահանջարկի աճը հիմնականում սնուցվում է վարկով, ոչ թե քաղաքացիների եկամուտներով։ Երբ մարդիկ բնակարան են գնում ոչ թե եկամուտների բարձրացման, այլ քաշքշուկով ավելացող հիփոթեքի հաշվին, շուկան դառնում է ոչ թե զարգացման ցուցիչ, այլ պարտքային լծակի արդյունք։

Շուկան դառնում է «ֆինանսական փուչիկ»՝ իրական տնտեսությունից կտրված

Երբ անշարժ գույքի շուկան՝  ունի գների բազմակի աճ, ունի պահանջարկի կենտրոնացում մայրաքաղաքում,  ունի օտարերկրյա բարձր մասնակցություն,  ունի հիփոթեքային բում, բայց նույն պահին՝  արդյունաբերությունն անկման մեջ է (–4.9%, 10 ամսվա կտրվածքով),  արտահանումը շարունակում է մնալ անկումային,  աշխատավարձերի աճը չի հասնում գների բարձրացման հետևից, ապա սա այլևս չի կոչվում տնտեսական աճ, այլ՝ շինարարություն և գույք՝ որպես պարտքային տնտեսության վահանակ։

Եզրակացություն

Անշարժ գույքի շուկան այսօր Հայաստանի ամենավառ «հայելին» է։ Ներսից՝ վարկային կախվածություն, դրսից՝ օտարերկրյա պահանջարկ, մեջտեղում՝ գների անընդհատ բարձրացում և Երևանի գերծանրաբեռնվածություն։
Երբ անշարժ գույքի շուկան աճում է, բայց արդյունաբերությունն ու արտահանումը՝ անկում են ապրում, երկիրը զարգացում չի ունենում։

Ունենում է միայն գների և պարտքի վրա կառուցված փուչիկ, որը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը»։