Արցախի ներկայացուցչության շենքում խուզարկությունը երկու հիմնական պատճառ ունի, առաջինը Արցախի ԱԺ-ում արցախցիների վերադարձի մասին երեկվա լսումներն են. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հաջորդ պատճառը, ըստ նրա, Փաշինյանի Գերմանիայում հնչեցրած խոսքն է. «Ինքնորոշման իրավունքը բերեց՝ հավասարեցրեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է և արհեստական ստեղծված հասկացություն։ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո և քիմքին հաճելի գործողություններ իրականացնել՝ ցույց տալով, որ թույլ չի տալու արցախցիներին իրենց իրավունքների համար որևէ աշխատանք իրականացնել»,-ասաց նա։
Աբրահամյանը նշեց, որ Արցախի դեմ ուղղված որևէ գործողությամբ ՀՀ իշխանությունը խախտում է միջազգային իրավունքը։ «Ներկայացուցչության շենքի խուզարկությունը կապված է նաև Արցախում գործած հիմնադրամների հետ։ Դրանց հետ կապված Արցախի իշխանությունն էլ էր փորձում պարզել՝ նման հարց կա, թե ոչ։ Արցախի իշխանությունները բոլոր փաստաթղթերը հանձնել են ՀՀ իշխանություններին, և որևէ հիմք չկար խուզարկություն անելու։ Դրա համար չեմ կարծում, որ այստեղ տեղի ունեցող գործընթացը իրավական պրոցես է։ Սա քաղաքական գործընթաց է։ Արցախի ներկայացուցչության խնդիրը երկրորդային խնդիր է, որևէ տրամաբանություն չկա»,-ասաց նա։










