Արցախի ներկայացուցչությունում փաստաթղթեր են փնտրում, սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն. Արցախի պետնախարար


Արցախի ներկայացուցչությունում փաստաթղթեր են փնտրում, սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն. Արցախի պետնախարար
Դեկտեմբեր 11 15:06 2025

Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում.  ABC Media-ին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Փաստաթղթեր են փնտրում, մենք տրամադրել ենք շենքը, առաջին հարկում վերջացրել են, երկրորդում շարունակվում է։ Սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն»,-նշել է նա։

Ըստ նրա՝ քննիչների մեծաքանակ խումբ է ժամանել խուզարկության։

Ի պատասխան հարցին, թե խուզարկությունը կապո՞ւմ են երեկվա լսումների հետ՝ Իսկանդարյանը ասել է, որ դեռևս պատասխան չունեն։  

Նա տեղեկացրել է, որ դատարանի որոշում կա՝ խուզարկության և փաստաթղթեր առգրավելու։

Նշենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Իսկ ՔԿ-ից Aysor.am-ին որևէ մեկնաբանություն չէին տվել, թե ինչ հիմնավորմամբ են խուզարկություններ անում։

«Չենք մեկնաբանում»։