Այդ հարցին կպատասխանի ԱԳՆ-ն, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի՝ «3+3» ֆորմատով համաժողովն իրենց մոտ անցկացնելու առաջարկին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ եթե կան խնդիրներ, իրենք կբարձրաձայնեն. «Օրինակ, ինձ համար խնդիր է գերիների առկայությունը, կարծում եմ՝ դա քննարկելի և լուծելի հարց է։ Բայց չմասնակցել ուղղակի չի կարելի»։
Ավելի վաղ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ պատրաստ են հյուրընկալել «3+3» ձևաչափով հանդիպումը և կարծում են՝ հայկական կողմը դեմ չէ։
ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքել էր Բայրամովի հայտարարությանը՝ նշելով. «Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»։










