Մեկնարկում ենք պայքարի նոր փուլը, պատրաստ ենք խաղաղ բանակցություններով լուծել խնդիրները. Աշոտ Դանիելյան


Մեկնարկում ենք պայքարի նոր փուլը, պատրաստ ենք խաղաղ բանակցություններով լուծել խնդիրները. Աշոտ Դանիելյան
Դեկտեմբեր 10 12:36 2025

Արցախի Հանրապետության տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից բոլորովին չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը. այս մասին «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։

 

«Մեր պետականության, իրավունքների համար պայքարը շարունակում է մեզ համոզել, որ վերադարձից բացի, այլ ելք չի կարող լինել»,-ասաց նա։  

 

Աշոտ Դանիելյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի քաղաքականությանը և զրկելով հայկական կողմին հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատն ունեցող կազմակերպությունից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից։

 

«Այդուհանդերձ մենք չենք մոռանալու Արցախը, պարտավոր ենք ընդդիմալ այդ մոտեցմանը։ Մեր մտորումների և գործողությունների առանցքը լինելու է մեր իրավունքների վերականգնումն ու մեր ժողովրդի անվտանգ վերադարձը Արցախ՝ այլևս երբեք թույլ չտալու համար աղետի կրկնությունը»,- ասաց նա։

 

Դանիելյանը նշեց, որ այս լսումներով մեկնարկում են պայքարի նոր փուլը։ «Այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցություններով լուծել խնդիրները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,-ասաց նա։