«Առաջին հայացքից դրական լուր է, որ ձևավորվելու է քննչական խումբ, որը քննելու է Միհրան Հակոբյանի ծեծի դեպքը, այդ թվում նաև ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց տուժածի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ այն առաջին հայացքից է դրական քայլ, քանի որ կարևորը արդյունքն է և մեկ քննիչով էլ կարելի էր հասնել դրական արդյունքի, իսկ քննչական խմբով՝ չհանել։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանն այսօր գրառում էր արել Հայաստանում բռնություն չլինելու կարևորությամբ և խոստացել բացահայտել ծեծի դեպքը։
«Բայց մենք բազմիցս ենք տեսել, որ մի բան ասվում է, բայց դրա 180 աստիճան հակառակն է արվում։ Էնպես չլինի, որ քաղաքական ուղիղ հրահանգով այս գործը չբացահայտվի, իսկ այս գործը կարող է չբացահայտվել միայն քաղաքական ուղիղ հրահանգով»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ հիմնավոր կասկածներ ունի դեպքի չբացահայտման հարցում։
Փաստաբանը իր վերջին պնդումը հիմնավորեց նրանով, որ սոցիալական ցանցում ԿՊ-ական ակտիվիստները՝ ֆեյք և իրական անուններով Միհրան Հակոբյանի դեմ բռնությունն արդարացրել են և հորդորեց պատժել բռնույթունը արդարացնողներին՝ առանց կալանքի տանելու։
Մելիքյանը հիշեցրեց, որ Միհրան Հակոբյանի տան ուղղությամբ նախկինում նռնակ էլ էին նետել և այդ դեպքը չի բացահայտվել։
Տուժածի լիազոր ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ այսօր Միհրան Հակոբյանը դատաբժշկական փորձաքննություն է անցել և դեպքի վայրի զննություն ու տեսախցիկենրի սկավառակների առգրավում է իրականացվել։
Ամփոփելով խոսքը Ռուբեն Մելիքյանն ասաց, որ եթե չբացահայտվի Միհրան Հակոբյանի ծեծի գործը, ուրմն այն քաղաքական դրդապատճառով է արվել՝ տուժածի կողմից իշխանություններին պարբերաբար հրապարակային քննադատելու համար։










