Վարդան Ղուկասյանի գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան


Վարդան Ղուկասյանի գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան
Դեկտեմբեր 9 17:26 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

«Հարգելի հայրենակիցներ,

 

Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 

Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.

 

• Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:

 

• Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:

 

• Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը:

 

Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ` Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա:

 

Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):

 

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։

 

Կարծում եմ՝ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։

 

Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, արդարությունը և մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:

 

17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը արդարության և մարդկության նկատմամբ»