Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման աշխատանքներում ունեցանք առաջընթաց, որը շատ կարևոր և գործնական փուլի մասին վկայող քայլ էր: Դա Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման, Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրումն է ներդրող գործընկերոջ հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել նրա խորհրդական Սոնա Թևանյանը:
«Հաջորդիվ նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առքուվաճառքի պայմանագիրը: Դա ծրագրի իրականացման այն կոմպոնենտն է, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերությանը և այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումներն այնպիսին են, որ կառուցապատման աշխատանքները երկու հատվածներում պետք է տեղի ունենան զուգահեռ, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը»,-նշել է նա:
Թևանյանը հայտնել է, որ ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը շինարարության թույլտվության պահից հաշված հինգ տարիների ընթացքն է: Այդ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ իրապես շատ կարևոր պայմանագիր է ստորագրվել:
«Շատ բարդ գործընթացներով անցած, տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում, ոչ միայն քաղաքաշինական: Քաղաքը ստանում է 1,000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածք և տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք քաղաքինն են: Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային ֆինանսական տրամաբանություն, թե որքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա: Խնդրում եմ՝ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակում, նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք 70»,-հավելել է Ավինյանը:










