ԵՄ կառույցների լռությամբ և հովանավորչությամբ այսօր Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ. ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի՝ ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
«Լռեցնում են ընդդիմադիր գործիչներին ու անհանար է այդ ամենը չտեսնեն ու իմ նամակով միայն դա հասնի»,-ասաց նա՝ խոսելով ԵՄ դեսպանին ուղղված իր հրապարակային նամակի ակնկալիքներից։
«Իմ նամակը և այս ամենը եղել է զուտ պատմության համար, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել, ու իրենք ինչպիսի լռությամբ են այդ ամենը հանդուրժել։ Եթե մենք ասում ենք, որ ԵՄ-ն պայքարում է ազատ խոսքի, ժողովրդավարական արժեքների համար, բա Հայաստանում իրենք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չե՞ն տեսնում, թե Փաշինյանի իշխանությունն ինչ բացահայտ տրանսֆորմացիա է ունենում, արդեն ոչնչից չեն վախենում, ոչ մի արժեք, ոչ մի սրբություն չունեն ու շարունակում են իրենց գործը, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, ո՞վ է ասել, որ իրենք բռնապետ են, մարդու իրավունքներ են ոտնահարում»,-ասաց Առաքելյանը։
Առաքելյանը նշեց, որ ինքը շարունակելու է խոսել. «Քանի որ տեսնում ենք, որ լռությունն ընկալվում է որպես համակերպվելու ցուցիչ։ Ես կոչ եմ արել նաև մյուս հետապնդվողների ընտանիքներին, որ նրանք էլ խոսեն, որ մարդիկ իմանան, թե ինչ ծիծաղելի գործերով են մարդիկ լռեցվում, հայտնվում բանտերում»։
Հիշեցնենք, որ հրապարակային երկու նամակ է հասցեագրել Հայաստանում ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին։ Այսօր նա եկել է ԵՄ պատվիրակության շենքի դիմաց նամակն անձամբ հանձնելու։










