«88» սուպերմարկետների ցանցը կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ․ հայտարարություն


«88» սուպերմարկետների ցանցը կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ․ հայտարարություն
Դեկտեմբեր 4 22:55 2025

«88» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանություններին։««88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը  նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները։

Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն ապատեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ նմանատիպ խոսակցությունները չեն ծառայում ոչ մեր գործունեության, ոչ էլ  հասարակության շահերին։

 

Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, ովքեր գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։

Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել մեր բոլոր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։

Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար։

Ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածման հարցում մենք ինքներս հետամուտ կլինենք,  որպեսզի  մեր գործարար համբավը արատավորող և աշխատանքով ձեռք բերած վստահությանը վնասող ցանկացած կեղծ տեղեկություն դառնա իրավական քննության առարկա։

Եթե որևէ անձ կամ անձանց խումբ գիտակցաբար տարածում է կեղծ լուրեր, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից ում է ուղղված ապատեղեկատվությունը։

Մենք շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ արժանի լինելով մեր հաճախորդների և գործընկերների վստահությանը։

Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար։

Հարգանքով,

«88» սուպերմարկետների ցանց»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարություն է տարածել ու նշել, որ որևէ կապ չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ։