Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը ՀՀ քաղաքացիներին ինչո՞ւ էիք խաբում․ Խամոյանը՝ Փաշինյանին


Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը ՀՀ քաղաքացիներին ինչո՞ւ էիք խաբում․ Խամոյանը՝ Փաշինյանին
Դեկտեմբեր 3 23:59 2025

«Նախ երեկ կիսատ-պռատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, պարոն Փաշինյան,որ ձեր ընտանեկան թերթում հրապարակված, նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակ-հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ, դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը, ինչո՞ւ չեք հրապարակում»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով․

«Այսօր առավոտյան հայտարարեցիք, որ այդ փաստաթուղթ չկա, անհետացել է։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005 թ․-ին   Թոմաս Դվալի հետ միասին ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից։ Փոխարենը Ձեր կուսակիցները տարածում են մի նյութ, որը երբեք բանակցային առաջարկ չի եղել»։

  Խամոյանն այնուհետև հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները՝ 2019թ․-ին «Արցախը Հայաստան է և վերջ» , 2021 թ․-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Շուշիի և Հադրութի դե օկուպացիայի մասին։

«Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչո՞ւ էիք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք, և կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Խամոյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․  «Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քի Վեստի փաստաթուղթ չկա, ուղղակի չկա, և ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է՝ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն»։