ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեստի փաստաթուղթ ուղղակի չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, որ չեն հրապարակել, որովհետև իրենց ձեռք չի տվել, փոխարենը հրապարակել են «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցած փաստաթուղթն այդ մասին։
Փաշինյանը նշեց, որ մտածել ու հասկացել է՝ ինչու չկա։ «Դա եղել է դավադրություն, և այդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը, դրան հաջորդած և նախորդած իրադարձությունները, այլ տարբերակ չկա»,– ասաց նա։
«5 տարի է Քի Վեստ եք ասում, էդքան ուժեղ ծրագիր էր, իրականացնեիք»,-ասաց Փաշինյանը։
Խամոյանն արձագանքեց, որ բարձր լեգիտիմություն է ունեցել, բայց վախեցել է այդ ծրագիրն իրականացնել, որովհետև կասեին դավաճան. «Ու այդ մասին անգամ նոյեմբերի 29-ի ձեր գրառման մեջ խոսել եք»,-ասաց պատգամավորը։
«Ժողովրդական սիրո առաջ այո, վախեցել եմ։ Ինչի՞ չպետք է վախենամ, ինչի՞ երկրի ճակատագրի էդ վիճակով պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի։ Ի՞նչն է տարօրինակ, որ վախեցել եմ։ Միշտ էլ ասել եմ՝ վախենում եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց։ Ո՞վ չի վախենում՝ մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվությունն իրականացնելուց ու չսխալվելուց։ Դուք եք, որ սուպերմեններ եք, տուռնիկի վրա էնքան անվախ կարաք պտտվեք՝ չվախենալով, որ էլեմենտները կնստեն։ Մենք մարդիկ ենք, ՀՀ քաղաքացի ենք, հասկացել ենք, որ մենք պետք է երկրի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք և որոշումներ ենք կայացրել»,- ասաց նա։










