Տղա երեխային մամա-պապա ասելու տեղը հայհոյանք ենք սովորեցնում, ազգուտակով ծափ տալիս․ Փաշինյան


Տղա երեխային մամա-պապա ասելու տեղը հայհոյանք ենք սովորեցնում, ազգուտակով ծափ տալիս․ Փաշինյան
Դեկտեմբեր 3 22:18 2025

Այդ դեպքը տեղի է ունեցել այդ թվում նաև այն պատճառով, որ ձեր գողական համայնքի ղեկավարներց մեկը Գյումրիում շատրվանի բացմանը միացնում է«Доля воровская» երգը. այս մասին Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Նոյեմբերյանում օրերս աշակերտների միջև տեղի ունեցած միջադեպին:

 

«Հիշում եմ՝ երբ պատգամավոր էի ու քննարկվում էր Ազդարարման համակարգի ներդրման հարցը, ձեր խմբակցության պատգամավորներից մեկն ասում էր՝ չհասկացա, էս գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում: Այդ դեպքն այն պատճառով է, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ: Պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, դաժան միջոցներ ձեռնարկել էդ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն իրավասու բոլոր պատկան մարմինները:

 

 «Նման միջադեպերի պատճառն այն է, որ երբ տղա երեխաների լեզուները բացվում է մամա-պապա բառերից առաջ հայհոյանք ենք սովորացնում, հետո ազգուտակով հավաքվում ենք ու ծափ տալիս: Սոցիալական ցանցերը նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա: Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ: Դա է լուծումը»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կան քաղաքական ուժեր, որոնք ընտրություններում ապավինում են քրեական ենթամշակույթին:

 

Հիշեցնենք, որ Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի էին ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։

 

Ըստ ՔԿ-ի՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: