Գոհ եմ կառավարության աշխատանքից. Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, որոնք, ըստ նրա, «ՀՀ պատմության ընթացքում երբեք չէին եղել»


Գոհ եմ կառավարության աշխատանքից. Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, որոնք, ըստ նրա, «ՀՀ պատմության ընթացքում երբեք չէին եղել»
Դեկտեմբեր 3 12:05 2025

Գոհ եմ կառավարության արված աշխատանքից, ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այս գումարման ԱԺ-ի հետ մեր աշխատանքն, ընդհանուր առմամբ, լավ եմ գնահատում և, ընդհանուր առմամբ, գոհ եմ կառավարության արված աշխատանքից, իհարկե, գերազանց չեմ գնահատում, ուզում եմ ասեմ՝ լավ»,-ասաց նա։

 

Փաշինյանը նշեց, որ վստահ են՝ 2025թ.-ի բյուջեի հարկային եկամուտները 2017թ-ից ավելին կլինեն 1 տրիլիոն 542 մլրդ դրամով, կամ 133 տոկոսով։ «Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասն ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն»,-ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ խոստումը, որ միջինը 7 տոկոս տնտեսական աճ են ապահովելու, վստահաբար, կատարվել է։

 

«ՀՆԱ-ն աճել է 36,6 տոկոսով, սա շատ լավ ցուցանիշ է»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչքանով է այս ցուցանիշները ազդել բնակչության կենսամակարդակի վրա, ասաց, որ «Ջինի գործակցի»-վերջին ցուցանիշներով ՀՀ-ն էական բարելավում է ունեցել։ «Երկրում գեներացվող գումարները, արդյունքի բաշխումը հնարավորինս հավասար և արդար տեղի է ունենում»,-ասաց նա։

 

Փաշինյանը հավելեց, որ 2018-ից ի վեր՝ իրենք ՀՀ-ում ստեղծել են 223 895 աշխատատեղ. «Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար ՀՀ պատմության ընթացքում երբեք չի եղել»։

 

Նա շեշտեց՝ չի եղել ՀՀ-ում 76 տոկոսանոց գնաճ, աշխատավարձերի աճը երկնիշ է եղել՝ 20 տոկոսից ավելի, որը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։

 

«Մենք 2018-2025 թվականը ՀՀ քաղաքացիներին 384 մլրդ դրամ ենք վերադարձրել եկամտահարկի միջոցով, ուղղակի տվել ենք քաղաքացիներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ-ն գտնվում է զարգացման ուղեծրի վրա»,-ասաց նա։