Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճը Փաշինյանին տանջում է


Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճը Փաշինյանին տանջում է
Դեկտեմբեր 2 22:00 2025

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծիք է հայտնել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն.

«Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը՝ երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն՝ ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով:

Չէ՞ որ ...

1.) Արցախի կորուստը, ցավոք, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանն այսօր այնքան էլ չի հետաքրքրում. հակառակ դեպքում Նիկոլն ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին 2020 թ. նոյեմբերից ու 2023 թ. սեպտեմբերից հետո:

2.) Պատմության ու հայ ժողովրդի հիշողության մեջ նա, միևնույն է, մնալու է որպես Արցախը Ադրբեջանին զիջած ու պարտված առաջնորդ: Փաստաթղթերը, մեկնաբանություններն ու տոտալ քարոզչությունը ի զորու չեն փոխել այս անխուսափելի բյուրեղացումը, ու կասկած չունեմ, որ նա դա հասկանում է:

Հետևաբար, մնում է երկու հնարավոր բացատրություն:

Ղարաբաղյան խաղաքարտով նա հավանաբար ձգտում է՝

1.) Առաջիկա նախընտրական քաղաքական դիսկուրսն ամեն գնով կրկին պահել գործող «իշխանություն-նախկին նախագահներ» իրեն ձեռնտու դիսկուրսում:

2.) Հայ ժողովրդի դժգոհության սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան՝ շահել մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող շրջանակների քվեն:

Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճն իրեն տանջում է արածի համար, ու այդկերպ, այլոց մեղավոր կարգելով, փորձում է ձերբազատվել մեղքի զգացումից»: