ՀՀ քաղաքացու և պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկվում են պետական բյուջեի՝ անվտանգությանը վերաբերվող դրույթները, ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են՝ մի կողմից՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսի կրճատումներ, մյուս կողմից՝ սին խոստումներ ու ընտրական ակնկալիքներ։
Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով չտեսնելու և ակնհայտը մերժելու։
Կառավարության հայեցակարգը մարդուն ի սկզբանե դատապարտվածի կարգավիճակում է դրել, որը գալիս է քաղաքացու ականջին շշնջալու, որ հայ ժողովուրդը հաղթելու շանս չունի, ու այդ պարագայում առանձնապես կարևոր էլ չէ, թե ռազմական բյուջեն որքան է կազմում, կամ բանակը կրճատվո՞ւմ է, թե՞ ոչ։
Բանակը, որը սեփական իշխանության կողմից հռչակվել է «5-րդական կառույց», իսկ հայրենիքի պաշտպանի առաքելությունը վերածվել է զուտ վարձու աշխատողի, պարզապես ապագա չունի։
Մարդու ֆիզիկական ներկայությունը, զինտեխնիկայի, սպառազինության առկայությունն ու նույնիսկ բարձր աշխատավարձը միասին վերցրած՝ անկարող են հաղթել, եթե պրոցեսում բացակայում է մարտական ոգին, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակն ու ներհասարակական համերաշխությունը։
Այսպիսի վիճակի մեղավորը օրը 24 ժամ, տարին 12 ամիս, տարվա բոլոր եղանակներին, ծանր իրավիճակում մարտական հերթապահություն կրող զինվորը, սպան կամ հրամանատարը չեն․ դա այն իշխանությունն է, որն իր հույսն ու երաշխիքը տեսնում է իրեն ցեղասպանողների խոստումներում։
Կա՞ բանակն իրական բարեփոխումների ռելսերի վրա դնելու, այն իր ֆունկցիոնալ վիճակին բերելու և զինծառայողի անհրաժեշտ դերը հասարակության մեջ առաջին պլան վերադարձնելու հնարավորություն։ Միանշանակ՝ կա։
Հնարավո՞ր է արդյոք վերականգնել բանակի, ինչպես ուզում եք անվանեք՝ պաշտպանողականությունը, մարտունակությունը կամ մարտական խնդիրներ կատարելու արդյունավետությունը։ Միանշանակ՝ կա։
Հնարավո՞ր է արդյոք դրան հասնել այս իշխանության հետ, կամ նրա պաշտոնավարման պայմաններում։ Բնականաբար՝ ոչ։
Այս իշխանությունը մաշեցրել, թուլացրել և մշտական թիրախ է դարձրել բանակը, ու դրանով անհնարին դարձրել այն արդիականացնելու, բարեփոխելու և լավագույն մարզավիճակին բերելու հեռանկարը»,-հայտարարեց Աբրահամյանը։










