Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք, նա ի թիվս այլ բարձրաստիճան հոգևորականների, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից հեռացնելու վերաբերյալ հայտարարության տակ։
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, թե Տեր Վրթանեսի արարքը, խոշոր հաշվով, իրենց համար անսպասելի չէր։
«Սակայն անսպասելի էր այնքանով, որ գնաց ծայրահեղության, այսինքն՝ սեղմեց Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված իշխանության ղեկավարության ձեռքը։
Իսկ մնացած առումներով անսպասելի չէր, որովհետև 2020 թվականի ահասարսուռ պատերազմից հետո մենք երբևէ չենք զգացել թեմի առաջնորդությունը։ Երբ շրջափակումը սկսեց, անհայտ էր, թե որտեղ է Վրթանես Սրբազանը։ Հետո իմացանք, որ նա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ նա մեզ հետ դա չէր էլ քննարկել։ Նա չվերադարձավ Արցախ նաև այն պարագայում, երբ շատ-շատ պաշտոնյաներ, որոնք շրջափակման ժամանակ մնացել էին կամրջից այս կողմ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձան Արցախ։
Տեղահանության ժամանակ ևս, էլի ցավով եմ արձանագրում, երբ կար հոգևոր առաջնորդի կարիք, որն այդ դժվարին ճանապարհին կառաջնորդեր ժողովրդին, Վրթանես Սրբազանը դարձյալ չկար։ Տեղահանումից հետո էլ, ցանկացած գործընթացից առաջ խնդրել ենք իր օրհնությունը, ցավով պետք է նշեմ, որ անտարբեր վերաբերմունք ենք տեսել, որևէ կերպ չենք զգացել, որ կա Արցախի թեմի առաջնորդ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նա ասաց, թե արցախցիները մեծ գոհունակութկամբ են ընդունել Մայր Աթոռի որոշումը՝ պահել Արցախի թեմը, և շատ ժամանակ հանրային որևէ պահանջ չեն դրել Վրթանես Սրբազանի առաջ, զուտ չթիրախավորելու համար առանց այն էլ ճնշումների տակ գտնվող Վեհափառ Հայրապետին։
«Դա արել ենք, գիտակցելով, որ Կաթողիկոսը ճնշումների տակ է նաև այն պատճառով, որ որոշել է Արցախի թեմը պահպանել և Արցախի հարցի բարձրացնել քրիստոնեական միջազգային կառույցներում։ Նույնիսկ փորձում էինք չտեսնելու տալ այն պահվածքը, որն ուներ Վրթանես Սրբազանը, և դա արվում էր զուտ Վեհափառին չվնասելու ու եկեղեցուն չթիրախավորելու համար»։
Մետաքսե Հակոբյանն ասաց, թե Վրթանես Սրբազանի գործողությունները չեն ընկալվել Արցախի ժողովրդի կողմից և այդ առումով ժողովուրդը հստակ պահանջ է դրել քաղաքական գործիչների առջև, որ այդ հարցն ինչ-որ կերպ պետք է լուծվի.
«Մենք գիտակցում ենք, որ Կաթողիկոսի իրավասությունների ներքո է այս հարցի լուծումը, բայց նաև չենք կարող չբարձրաձայնել, որ ցանկացած որոշման պարագայում, Վրթանես Սրբազանը չի շարունակելու առաջնորդությունը։ Ժողովուրդը միանշանակ մերժելու է իր առաջնորդությունը, ատենապետները ևս բարկությամբ են ընդունել այս ամենը։ Որևէ կերպ պետք է կաթողիկոսին հասնի, որ թեմը ևս չի ընդունում այդ անձի առաջնորդությունը»։
Հարցին, թե Վրթանես Սրբազանը տեղյա՞կ է արցախցիների որոշման մասին, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ այո, որովհետև մեր խոսքն ատենապետների միջոցով հասցրել ենք իրեն։ Առաջնորդարանում խորհուրդը քննարկում ունեցել է, որին, ըստ տեղեկությունների, նաև մասնակցել է Վրթանես Սրբազանը։ Կլինի ատենապետների հայտարարությունը, որից հետո արդեն կզարգանան մյուս գործընթացները»։










