ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործովդիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ դատավորը իր բարեկամի կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու, այն բավարարելու և դրանով դատական ակտ կայացնելու շահագրգռվածությունից ելնելով, 2022 թվականին որոշում է կայացրել վարույթ ընդունել տվյալ քաղաքացիական գործը, այն պարագայում, որ առկա են եղել նշված դիմումը վերադարձնելու հիմքերը:Քաղաքացիական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորը 2022 թվականին տեղի ունեցած դատական նիստում չի բացահայտել դիմումատուի լիազորներկայացուցչի հետ իր ազգակցական կապը, չի անդրադարձել ինքնաբացարկի հիմքերին, և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող իր ազգականին մասնակցել դատաքննությանը՝ որպես դիմումատուի ներկայացուցիչ:
Նշված արարքները դիտավորությամբ կատարելուց հետո, պարտավոր լինելով իրավունքի մասին վեճի ծագման հիմքով դիմումն առանց քննության թողնելու,դատավորը 2022 թվականին կայացրել է ակնհայտ անարդար վճիռ՝ ամբողջությամբ բավարարվելով իր ազգականի կողմից ներկայացված դիմումը։
Արդյունքում, դատական իշխանության ներկայացուցչի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել նշված դատավորինկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալհամապատասխան միջնորդություն, որը բավարարվել է:Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ համակցվածկիրառվել են բացակայելու արգելք և 5 մլն ՀՀ դրամի չափով գրավ որպես խափանման միջոցները:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ խոսքը Մանվել Գրիգորյանի դստեր՝ Նաիրա Գրիգորյանի մասին է:










