Նոյեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Ստեփանավան համայնքում։
Այցի մեկնարկը տրվեց Գյուլագարակ գյուղում, որտեղ շարժման անդամները շրջեցին բնակավայրի տարածքում, այնուհետև գյուղի կետրոնական հրապարակի հարակից տարածքում տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուլագարակցիների հետ։ Հանդիպմանը շարժման անդամները գյուղի բնակիչներին ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի ունեցավ մտքերի փոխանակում բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական մեծ պոտենցիալը լավագույնս օգտագործելու հնարավորությունների մասին։
Շարժման անդամների հաջորդ կանգառը Ստեփանավան քաղաքում էր, որտեղ Սոս Սարգսյան 18 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Ստեփանավան քաղաքի տարածքային գրասենյակը։ Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները և գրասենյակի առաջին այցելուները շրջայց կատարեցին նորաբաց գրասենյակի տարածքում և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։ Բացման արարողության ավարտին շարժման մասնակիցները զրույց ունեցան գրասենյակի այցելուների հետ և պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։
Շարժման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժման անդամները զբոսնեցին քաղաքում և ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքներին, այցելեցին քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի և շփվեցին ստեփանավանցիների և քաղաքի այցելուների հետ։
Շարժման անդամների աշխատանքային այցը Ստեփանավան համայնք ավարտվեց Ագարակ գյուղում, որտեղ շարժման մասնակիցները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և պատասխանեցին գյուղի բնակիչների հարցերին։










