Եթե ԱԺ նախագահի եղբոր կնոջ կալանքը գլխավոր դատախազը փոխեց նախաքննության ամենաբարձր ռիսկայնության պահին, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում Լիդիա Մանթաշյանի նկատմամբ. պատգամավոր


Եթե ԱԺ նախագահի եղբոր կնոջ կալանքը գլխավոր դատախազը փոխեց նախաքննության ամենաբարձր ռիսկայնության պահին, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում Լիդիա Մանթաշյանի նկատմամբ. պատգամավոր
Նոյեմբեր 27 14:38 2025

Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը ՀՀ գլխավոր դատախազը փոխեց իր նախաձեռնությամբ, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով նախաձեռնել միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հրատապ փոփոխություն։

Հիշեցնեմ, որ դեռ 2024 թ․ փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ) ու Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ հիմնավորելով, թե նրանք ցուցմունքներ են տվել, առերեսումներ են կատարվել և այլևս չկա միջամտության ռիսկ։

Ի՞նչ ունենք այսօր.

Լիդիա Մանթաշյանի գործով նախաքննությունն ավարտված է,

Գործը դատաքննության փուլում է,

Միջամտության կամ ճնշման ռիսկեր բացակայում են,

Նա այս գործով միակ կալանավորված կինն է,

Իսկ նրա տեսակցությունների իրավունքը ամբողջությամբ փակված է՝ բացառությամբ մոր և քրոջ:

Եվ հիմա հարց․

Եթե ԱԺ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքը Գլխավոր դատախազը փոխեց նախաքննության ամենաբարձր ռիսկայնության պահին, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում Լիդիա Մանթաշյանի նկատմամբ, երբ ռիսկերը զրոյացված են։

Արդյո՞ք արդարադատությունը դարձել է ընտրյալների սպասարկող մեխանիզմ։

Արդյո՞ք օրենքը գործում է միայն ընդդիմադիրների համար։

Արդյո՞ք անհամաչափությունն արդեն դարձել է համակարգային։

Այս բոլոր պատճառները նկատի առնելով, որպես ԱԺ Մարդու իրավունքնրի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում եմ․ հենց իր նախաձեռնությամբ անհապաղ փոխել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան՝ կիրառելով որևէ այլընտրանքային միջոց։

Այլևս հիմնավորում չկա երիտասարդ կնոջը պահելու բանտում։

Կալանքը չի կարող լինել պատիժ, և չի կարող ծառայել քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Այս հարցը ոչ միայն մեկ կնոջ ազատության հարց է, այլ արդարադատության օբկետիվության և իրավական համակարգի անկախության ամբողջական խնդիր»,-գրել է նա: