Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը


Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը
Նոյեմբեր 26 12:44 2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Բագրատ արք. Գալստանյանն ուղերձ է հղել խորհրդարանական լսումների մասնակիցներին, որն ԱԺ ամբիոնից կարդաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ և բոլոր քաղաքական, ավելի ճիշտ՝ Հայրենիքի ազատության համար բանտարկյալների անունից գնահատել, քաջալերել և իմ բարեմաղթանքները հղել բոլորիդ՝ կազմակերպված լսումների առիթով՝ նախաձեռնող խմբակցություններին և մասնակիցներին։

Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է՝ որ այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են՝ այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր Հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին, «քանզի արդարև, երբ Աստված Ինքն է մեզ արդարացնում, ոչ ոք չի կարող մեզ դատապարտել» (Սբ. Գրիգոր Նարեկացի)։ Իմ և մեր ազատությունը ոչ ոք չի կարող ո՛չ կաշկանդել, ո՛չ սահմանափակել, ո՛չ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո Հոգին է։

Մենք գիտենք՝ ինչու ենք կալանավորված, բայց միթե՞ այլ կերպ հնարավոր էր։

Ի վերջո, չարիքը պիտի պարտվի, որովհետև այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել քան երբևէ։

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար չկա անձնական հավակնություն և շահեր, ձեր համատեղ սիրո և միության ջանքերով, համախոհ գործակցությամբ, բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին։

Մեր խոցոտված, արյունոտված համբուրելի Մայրը՝ մեր Հայրենիքը, հայացքը յուրաքանչյուրիս հառած սպասում է Իր երջանիկ ազատագրությանը։

Չերկնչե՛ք չարի բազմությունից և բազմահնար գործերից՝ այո՛, մի վախեցե՛ք, ասում եմ ձեզ՝ մի՛ վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը, որոնք ավելի են, քան նույնիսկ մեր կյանքը։

Կրկին անգամ մեր սերն ու քաջալերանքը ձեզ։

Մեր հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։