Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սրբազանի մատուցած պատարագին


Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սրբազանի մատուցած պատարագին
Նոյեմբեր 25 13:53 2025

Այս կիրակի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

 

Այս տեղեկությունը նոյեմբերի 23-ին հայտնել էին եկեղեցուց՝ նշելով, որ եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է Վազգեն Սրբազանին հրավիրել պատարագ մատուցելու։

 

Այս լուրից հետո շատերը վստահ էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին հենց այս պատարագին է մասնակցելու։

 

Aysor.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ վարչապետն այս կիրակի Վազգեն Սրբազանի մատուցած պատարագին է մասնակցելու։ Բաղդասարյանը, սակայն, այդ մասով որևէ տեղեկություն չուներ։

 

Վազգեն Սրբազանը այն հոգևորականն է, որ Տալլին այցի ժամանակ էլ ընդունել էր Նիկոլ Փաշինյանին ու ասել. «Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք»։

 

Անուշավան Սրբազանի մասով էլ տևական ժամանակ խոսվում էր, որ հենց նա է եկեղեցու դեմ արշավում Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն։

 

Փաշինյանը, սակայն, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրել էր, թե երբեք չի առնչվել նրա հետ։