Սա արվում է, որպեսզի ընտրություններին քաղաքական տեսարաններ ապահովեն. Գևորգյան (Տեսանյութ)


Սա արվում է, որպեսզի ընտրություններին քաղաքական տեսարաններ ապահովեն. Գևորգյան (Տեսանյութ)
Նոյեմբեր 24 14:13 2025

Սա սովորական գործ չի, սակայն հանրության մի հատվածի համար այն ընկալվելու է որպես քաղաքական, դատական նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ինչպես էլ փաթեթավորեն և ասեն, որ սա օբյեկտիվ ընթացակարգերով ընթացքող գործ է, միևնույն է՝ այդպես չէ. «Առնվազն այստեղ նստածներից 3-ը քաղաքական գործիչներ են, իսկ պարոն Խաչատուրովն էլ պետական բարձրաստիճան պաշտոնյա  է եղել։  Նախորդ նիստին էլ ասացի, որ ԵԽԽՎ-ի  3 բանաձևերով, որոնք վերաբերում են այս գործին, արձանագրվում է, որ պետությունը, ի դեմս՝ կառավարության, պետք է ամեն ինչ գործադրի, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող բոլոր հետապնդումները բացառվեն և կենտրոնանան 10 զոհերի հանգամանքի վրա։ Սակայն, վերջին տարիներին մենք մի քաղաքական հոդվածը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով»։

Գևորգյանը շեշտեց՝ ողջամիտ կասկած ունի, որ հունվարից գործն արագացնելը կամ շաբաթը մեկ նիստ անելն ունի քաղաքական դրդապատճառ և այն պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով. «Իմ խորին համոզմամբ՝ սա արվում է, որ հունիսին ընտրությունների ժամանակ ապահովեն քաղաքական տեսարաններ»։