Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ երբ դռնփակ դատական նիստ է տեղի ունենում, ապա ինֆորմացիա այդ նիստից դուրս չպետք է գա՝ անկախ նրանից դատավորի՞, թե՞ պաշտպանական կողմից է լինում։
«Բոլորս ստորագրում ենք, որ այն, ինչը տեղի է ունեցել փակ դատական նիստի ժամանակ, հանրությանը չհասնի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը փակ նիստից ինֆորմացիա է հանրայնացրել։
Դատավոր Սարգիս Պետրոսյանն էլ նկատեց, որ Արմեն Գևորգյանի մասով դատական նիստին հղում է տրվել վաղեմության ժամկետներին. «Այն, համենայնդեպս, իր մեջ որևէ գաղտնիք չի պարունակում»։
Փաստաբանն էլ հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Արմեն Գևորգյանի գործուղումների հարցը քննարկվում ԱԺ-ում, հիմա՝ դատարանում. «Մի՞թե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպետք է քննարկվի ընդհանրապես։ Դա պետության պարտավորությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի պարոն Գևորգյանն անարգել մասնակցի գործուղումներին»։










