Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատվիրակություն է ձևավորել, որը պետք է մասնակցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։
Պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոն և այլոք։
Ումերովն, իր հերթին, հայտնել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև խորհրդակցությունները՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի շուրջ, կանցնեն Շվեյցարիայում։
«Ուկրաինան այս գործընթացին մոտենում է իր շահերի հստակ ըմբռնումով։ Սա երկխոսության հերթական փուլն է, որը շարունակվում է վերջին օրերին և առաջին հերթին կոչված է համաձայնեցնել հետագա քայլերի տեսլականը։
Մենք գնահատում ենք ամերիկյան կողմի մասնակցությունը և առարկայական զրույցի պատրաստակամությունը։ Ուկրաինան շարունակելու է գործել պատասխանատու, պրոֆեսիոնալ և հետևողական ձևով՝ ինչպես պահանջում է մեր ազգային անվտանգությունը», – նշել է նա։










