44-օրյա պատերազմում զոհվածի հայր, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացված և այժմ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Գեղամ Նազարյանը չի հերքում լուրերը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի ցուցակում է ընդգրկվելու:
«Ուրացող մարդ չեմ սիրում, դա նշանակում է՝ ուրանալ որդու արյունը»,- Aysor.am-ին այս առնչությամբ ասաց 44-օրյա պատերազմում եղբորը կորցրած Արսեն Ղուկասյանը: Եղբոր որդին էլ՝ Սարգիս Ղուկասյանը, անհետ կորած է։
Արսեն Ղուկասյանը շեշտեց՝ Գեղամ Նազարյանը զոհվածների հարազատների դեսպանը պետք է լիներ խորհրդարանում.
«Ինքն այսօր, ունենալով այն հնարավորությունը, որը շատերս չունենք, պահանջատեր չի եղել առաջին հերթին՝ իր որդու, հետո՝ մեր երեխեքի հարցում։ Ուրացել է: 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը ո՞վ տեսավ: Գեղամը Ազգային ժողովում էր, մի անգամ չասաց՝ հլը բերեք էդ զեկույցը, տեսնեմ՝ իմ երեխեն ինչո՞ւ զոհվեց, ո՞ւմ սխալ կատարած աշխատանքի պատճառով»:
Իշխանությունները տանում են նրան, որ Հայաստանը դառնա «Արևմտյան Ադրբեջան», ինչպես Բաքվից են պնդում։ Գեղամ Նազարյանը սրա դեմ պետք է պայքարեր, հավելեց Ղուկասյանը.
«Սրա դեմ էլ ենք պայքարում մենք՝ զոհվածների, անհետ կորածների հարազատներով: Մարդկանց էս միտքն ենք փորձում հասցնել, որ Հայաստանը սրանք ուզում են դարձնել «Արևմտյան Ադրբեջան»: Էս պայքարին էր պետք, որ միանար Գեղամը, ոչ թե ՔՊ ցուցակում ընդգրկվելու մասին մտածեր»:










