Եթե հավաքական ընդդիմությունը ցանկանում է հաջողություն գրանցել սպասվող համապետական ընտրություններում, պարտավոր է դասեր քաղել ու կատարել գործնական հետևություններ. Մելոյան


Եթե հավաքական ընդդիմությունը ցանկանում է հաջողություն գրանցել սպասվող համապետական ընտրություններում, պարտավոր է դասեր քաղել ու կատարել գործնական հետևություններ. Մելոյան
Նոյեմբեր 21 16:28 2025

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը դիտարկումներ է արել Վաղարշապատի ավագանու ընտրություններից հետո։

«Համայնքային ընտրություններ՝ առանց համապետական ուշադրության

Ի տարբերություն այս տարվա Գյումրու ընտրությունների՝ Վաղարշապատի ընտրությունները չդարձան համապետական ուշադրության և քննարկման առարկա, և հայ հասարակության էական մասը դրանցով չէր հետաքրքրվում։

Լայն հանրությունը սկսեց հետևել Վաղարշապատի ընտրություններին միայն արդյունքների ամփոփման ժամանակ։

Gerrymandering (ընտրատարածքների խեղաթյուրում)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին էականորեն նպաստեց հատուկ այս ընտրություններում հաղթանակ տանելու նպատակով Վաղարշապատ (Էջմիածին համայնք և Ոսկեհատ) համայնքի միացումը Խոյ համայնքին (Արմավիրի մարզի 17 գյուղ)։

Երկու համայնքների միացման հիմքում բացառապես քաղաքական շահն էր՝ անտեսելով համայնքային շահերը։

Ի տարբերություն Էջմիածին քաղաքի՝ Խոյ համայնքում ընդդիմության աջակցությունը նվազ էր, իսկ իշխանական ռեսուրսը՝ շատ։

Ռեյտինգային թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն աշխատել էր որպես Արմավիրի մարզպետի տեղակալ, Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի մարզպետ, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար և օբյեկտիվորեն ուներ զգալի հեղինակություն՝ համայնքի բնակիչների շրջանում։

Նրա անձնական վարկանիշը, դրված վարչական ռեսուրսը և ամռանը կատարված Gerrymandering (ընտրատարածքների խեղաթյուրում) կանխորոշեցին նշված 48,5 % ձայն հավաքելը։

Նշված որևէ կերպ չպետք է նսեմացնի Սևակ Խաչատրյանի, «Հաղթանակ» դաշինքի կատարած գործը և հեղինակությունը։ Ստեղծված վիճակում ավելի քան 10,000 ձայն հավաքելը մեծագույն ձեռքբերում է։

Ընտրության արդյունքներից դասեր քաղելու անհրաժեշտությունը

Այո, Արցախի հայաթափումից հետո իշխող ուժի առաջին հաղթանակը ներկայացնել որպես «մեծագույն ձեռքբերում», մեղմ ասած՝ անհասկանալի է, անտրամաբանական և անլուրջ։

Ակնհայտ է, որ Գյումրու և Փարաքարի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արել էր որոշակի հետևություններ և ավելի կատարելագործել իշխանական ռեսուրսի կիրառման հմտությունները։

Հետևաբար, եթե հավաքական ընդդիմությունը նույնպես ցանկանում է հաջողություն գրանցել սպասվող համապետական ընտրություններում, պարտավոր է նույնպես դասեր քաղել ու կատարել գործնական հետեւություններ։

Դաշտի ձեւավորում

Առավել եւս, որ քաղաքական դաշտը տրանսֆորմացվում է, եւ ձեւավորվող ու ձեւավորված շատ ուժեր մասնակցություն չունեցան Վաղարշապատի ընտրություններին»: