Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին դատախազը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
«Հիմք ընդունել այն հանգամանքը, որ շարունակում են առկա լինել հանցանք կատարելու, վարույթի քննությանը խոչընդոտելու, ապացուցողական գործընթացին միջամտելու հավանականությունը»,- ասաց դատախազը։
Փաստաբան Տաթև Սողոյանն ասաց, որ Լիդյա Մանթաշյանը 5 ամիս ոչ միայն կալանքի տակ է, ընդհանրապես արտաքին աշխարհից կտրված է, նույնիսկ պատգամավորներն իրավունք չունեն տեսակցել նրան։
«Երբ որ փորձում են խորանալ, թե ինչ ապացույց կա, մեղադրական եզրակացություն ինչ է հղում անում , պարզվումէ կա մի խոսակցության Լիդյա մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի միջև, որտեղ երկուսով գունավոր ծուղ են փորձարկում, նոթատերերը, ժողովրդական անցման այդ տխրահռչակ փաստաթուղթ, որը ևս որևէ բռնի գործողություն կատարելու տվյալ չի պարունակում»,- նշեց նա։
Փաստաբանը միջnորդեց փոխել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը. «Կիրառեք ինչ համակցություն ուզում եք, ինչ նպատակահարմար կգտնեք, բայց պնդում եմ, որ Լիդյա Մանթաշյանի կալանքը պետք է փոխվի»։
Լիդյա Մանթաշյանն իր խոսքում նշեց, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում է տարօրինակ համարվում, որ իր նկատմամբ կիրառված արգելանքները հանված չեն։
«Այնպիսի տպավորություն է, որ այս շինծու քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սա պատժի ձև է, գիտեմ, ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել ու նեղվում են դրանից։ Կարող էին գործ հարուցել որպես զրպարտություն, բայց քանի որ զրպարտություն չի եղել, այս գործի մեջ են ինձ խցկել։
Այս գործը կարել են»,- ասաց նա։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։










