«Նիկոլական ռեժիմը գնում է քաղբանատարկյալների թիվն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու և մարդկանց մոտ հուսահատությունն ավելացնելու ճանապարհով: Սկսել են հոգևոր ու ազգային էլիտայից: Եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ո՛չ միջազգային կառույցները կանդրադառնան դրան, ոչ էլ այլ մեկը»,- այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է ճնշումն ավելացնել իշխանությունների վրա, որ զգան հանրության դժգոհության ձայնն ու պուլսը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ունեն հստակ ծրագիր՝ ավարտել 3-րդ հանրապետության էջը՝ Հայաստանը դարձնելով պանթուրքիստական միջանցք.
«Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբվել և առաջ շարժվել: Եթե Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբվեն, համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի»:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե վաղարշապատցիներն, ընտրելով ՔՊ-ի թեկնածուին, «նոր լիցք հաղորդեցին» Մայր Աթոռի վրա գրոհելու իրենց նախաձեռնությանը, Շարմազանովն ասաց.
«Փաշինյանը մանիպուլացնում է. ինչպես 2021-ին որևէ մեկը նրան քվե չէր տվել Արցախը հանձնելու համար, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել՝ Վեհափառին հեռացնելու: Ինքը չի կարող Վեհափառին հեռացնել»:










