Փաշինյանը դժգոհ է բացահայտումից․ «Տարիներով փողերը հոսել են դուրս, ոչ ոքի չի հետաքրքրել»


Փաշինյանը դժգոհ է բացահայտումից․ «Տարիներով փողերը հոսել են դուրս, ոչ ոքի չի հետաքրքրել»
Նոյեմբեր 20 13:43 2025

Միայն 2024 թվականին  միանվագ ծննդյան նպաստ է տրվել  1450 այն երեխաներին, ովքեր ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական ու մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն, կառավարության նիստում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս հարցը կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ. ծննդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի՝ չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50 հազար դրամներին` երրորդ և հաջորդ երեխայի դեպքում։ Եթե երեխան կգա, կգրանցվի, գրանցման պահից կստանա գումարը, մինչ այդ՝ չի ստանա։ Հուսով եմ՝ սա էլ կխթանի, որ մեր քաղաքացիները պատշաճ գրանցումներն ապահովեն»,-ասաց Թորոսյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրեն անհանգստացնում է, որ տասնյակ տարիներով այդ գումարները գնացել են, սական ոչ ոքի մոտ հարց չի ծագել.

«Ոչ մեկի մոտ հարց չի ծագել, թե՝ էս ինչ ենք անում, հիմա, որ հաշվենք, պատկերացնո՞ւմ եք՝ քանի տասնյակ միլիարդ  Հայաստանից դուրս է եկել»։

Թորոսյանն արձագանքեց, թե միայն միանվագ գումարներով՝ տարեկան 600 մլն դրամ։

«Չի կարելի ըտենց բան անել։ Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է իրեն Հայաստանը վճարի։ Մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կառլոյում վճարե՞նք»,-ասաց Փաշինյանը։