Դավիթ Համբարձումյանին խոստացել եմ՝ անել առավելագույնն ու անհնարինը, որպեսզի Մասիսի բնականոն զարգացումը մեկ վայրկյան չտուժի. Նորայր Հակոբյան


Դավիթ Համբարձումյանին խոստացել եմ՝ անել առավելագույնն ու անհնարինը, որպեսզի Մասիսի բնականոն զարգացումը մեկ վայրկյան չտուժի. Նորայր Հակոբյան
Նոյեմբեր 20 14:33 2025

«Քիչ առաջ ես երդվեցի՝ ձեռքս Աստվածաշնչին ու Սահմանադրությանը դրած։ Ես խոստում ունեմ մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանին՝ խոստում ընկերոջը, խոստում՝ տղամարդը տղամարդուն, որ պետք է առավելագունն ու անհնարինն անեմ, որպեսզի Մասիսի բնականոն զարգացումը մեկ վայրկյան չտուժի», - երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց Մասիսի նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանը։

 

 Նրա խոսքով՝ 2021 թվականին, երբ «Դ. Համբարձումյան» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, Դավիթ Համբարձումյանն էլ այդ նույն դահլիճում երդվեց ծառայել Մասիսի բնակիչներին.

 

«Այսօրվա իմ երդումը Դավիթ Համբարձումյանի երդման շարունակությունն է։ Դավիթ Համբարձումյանի կառավարման տարիներին իրականացված աշխատանքների մասին խոսել եմ և դեռ շատ կխոսենք, բայց չգիտես՝ ինչու, որևէ մեկս չենք բարձրաձայնում գաղափարական այն աշխատանքի մասին, որ նա կարողացել է իրագործել Մասիս համայնքում։ Դա ավելին էր, քան ճանապարհի ասֆալտապատումը կամ գիշերային լուսավորության ցանցի կառուցումը, դա մարդկանց մտքի նորոգումն էր»։

 

Ըստ նրա՝ որքան էլ կառուցվի, նորոգվի ինչ-որ բան, քանի դեռ մարդը դա իր սեփականությունը չի համարում, ամեն ինչ զուր է լինելու։

 

 «Դավիթ Համբարձումյանը լուռ, բայց հետևողական աշխատանքի, բնակիչների հետ ճիշտ շփվելու շնորհիվ կարողացավ հասնել նրան, որ մարդը, բնակիչն իր մտքում ընկալի, որ այս ամենը պետական գույք չէ, այլ իրենն է, իր երեխայինն ու թոռանն է։ Նրա շնորհիվ համայնքի համերաշխության մասին տեսնում և լսում ենք բոլորս»։