«Հենց հիմա 23 հատ հանցագործության մասին հաղորդում մուտքագրեցի գլխավոր դատախազություն»,-դուս գալով ընդունարանից՝ բողոքի ակցիայի մասնակիցներին և լրագրողներին փոխանցեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։
Նա նշեց, որ այսօրվա ակցիայի նպատակն էր, որ ներկայացնենք պահանջները, որպեսզի նախաձեռնվի քրեական գործ զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների մասով։
«Հնչեցրինք պահանջ, որ քրեական գործ նախաձեռնվի պետական այն պաշտոնյաների մասով, ում անգործության հետևանքով երկրում նմանատիպ հանցագործություններ են առաջացել և ծաղկուն կերպով զարգանում են»,-ասաց Կարագողյանը, և նշելով, որ եթե ժամանակին զբաղվեին խնդրով, երկրում նման քաոտիկ վիճակ չէր առաջանա, հավելեց.
«Սա անօրինական ձեռնարկատիրություն է, դրա արդյունքում ունենք 20 հազարից ավել տուժածներ»։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահը հայտարարեց, որ տարբեր հարթակներում մարդիկ տուժել են, իսկ պատկան մարմինները զբաղվել են միայն զգուշացնելով։
«Տուժածները ներկայացել են պետական մարմիններ, ոստիկանության բաժանմունքներ, հանցագործության մասին փորձել են հաղորդում տալ, և նրանք ենթարկվել են ծաղրուծանակի, լսելով «որտեղ էր ձեր գլուխը» խոսքերը և այդքանից հետո էդ քաղաքացիները պետք է վստահեի՞ն այդ կառույցներին»,- հայտարարեց Մհեր Կարագոզյանը։










