«Իմ աներն ընդամենը իր հորաքրոջն է ուղեկցել, որը տարեց կին է։ Հենց ինքն է խնդրել, որ ուղեկցի: Ընտրատեղամասում էլ աներոջս հորաքրոջը ուրիշն է օգնել, աներս կապ չունի»,- Aysor.am-ի հետ զրույցում Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանն այսպես հակադարձեց տեղեկություններին, որ իր աները՝ Ռոմիկ Թադևոսյանը, ընտրողներին ուղղորդել է՝ ուղեկցելով ընտրատեղամասեր:
Յայլոյանը համաձայն չէ նաև Վաղարշապատի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ներկայացրած փաստական տվյալների հետ այն մասին, որ ՔՊ-ն ընտրողներին ակտիվ ուղղորդել է տեղամասեր, քվեարկությանը նախորդող և հենց քվեարկության օրը կիրառել է վարչական ռեսուրս և միայն դրա շնորհիվ՝ հաղթանակ տարել։
«Եթե ուղղորդում եղել է , միայն հակառակ կողմից կարող է եղած լինել: Վարչական ռեսուրս չի եղել, մեզ էլ մեր ընտրողները ընտրել են մեր կատարած աշխատանքի համար»,- ասաց նա։
ՔՊ-ական Յայլոյանը նշեց նաև, թե տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Վեհափառ Հայրապետի հետևից են գնալու՝ իրենց հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար.
«Ես նմանատիպ հայտարարություն չեմ տեսել: ՏԻՄ ընտրություններ էին, մենք այս ընտրություններով ստանձնելու ենք մեր լիազորությունները և իրականացնելու մեր համայնքի հնգամյա ծրագիրը: Այլ ենթատեքստ չեմ տեսնում այստեղ»:
Քննդատություններին ի պատասխան էլ, որ իշխանությունը ընտրություններից առաջ Խոյ համայնքը միացրեց Վաղարշապատին՝ համայնքի ձայների հաշվին իրենց հաղթանակն ապահովելու համար՝ Յայլոյանը պնդեց՝ Խոյի և Վաղարշապատի ձայները հավասարաչափ են եղել, «չկան կոնկրետ համայնքից եկած գերակշիռ ձայներ»:










