Մարմաշեն վանքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի


Մարմաշեն վանքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի
Նոյեմբեր 18 19:43 2025

Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի։

Տեղեկությունը հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 03.11.2025թ. որոշմամբ բավարարելով իմ հատուկ վերանայման բողոքը, պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:

Շիրակի մարզի դատախազը իմ բողոքի դեմ գրավոր դիրքորոշման մեջ նշել է, որ ես ինչ-որ գործնական ուղեցույցից եմ մեջբերումներ արել:

Ճի՛շտ է, արել եմ: Եթե դուք էլ կարդացած լինեիք քրեական դատավարության օրենսգրքի հեղինակների հրապարակած «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը», ապա տեղեկացված կլինեիք այդ ընթացակարգի մասին»: