Սամվել Կարապետյանի գործով ևս մեկ ռեկորդային ցուցանիշ ենք գրանցում․ Մելոյան


Սամվել Կարապետյանի գործով ևս մեկ ռեկորդային ցուցանիշ ենք գրանցում․ Մելոյան
Նոյեմբեր 17 22:21 2025

«Մեր այստեղ գտնվելը դարձել է շատ վատ օրինաչափություն։ Կուզեի արդեն չանդրադառնալ հունիսյան դեպքին,  պարոն Կարապետյանի մեկ րոպե անգամ չտևող հարցազրույցին, որտեղ մարդը շատ մեղմ դիրքորոշում է արտահայտում շատ կոպիտ իրադարձությունների վերաբերյալ,որի արդյունքում այս ապօրինի հակաիրավական գործողությունների արդյունքում անազատության մեջ է արդեն շուրջ հինգ ամիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Գոհար Մելոյանը։

Սամվել Կարապետյանի գործով վերջին՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանն անդրադառնալով Մելոյանը նշեց, որ որոշումը կատարվել է կայծակնային արագությամբ։

«Որոշումը հրապարակվում է նոյեմբերի 13-ին, որը շուրջ 100 էջանոց որոշում է։ Վճռաբեկ դատարանի որոշումը նույն օրը ուղարկվում է դատախազություն, դատախազությունն ընդունումը որոշումը և   նույն օրը Քննչական կոմիտե ուղարկում։ Քննչական կոմիտեն նույն օրը ընդունում է որոշում և նույն օրը մակագրում է որոշումը՝ Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։ Քննչական խմբի ղեկավարը նույն օրը հասցնում է 100 էջանոց որոշմանը ծանոթանալ, Վճռաբեկ դատարանի փաստական դիրքորոշումներին ծանոթանալ, քննչական մարմնի ղեկավարը նույն օրը դրա հիման վրա կազմում է որոշում, միջնորդությունը ներկայացնում դատարան։ Նույն օրը հերիք չէ միջնորդությունը ներկայացնում է, նույն օրը բերում է և մուտք անում դատարան՝այն էլ մեր խցանումների պայմաններում, Քննչական մարմնից՝ Հակակոռուպցիոն դատարան։ Սա ես անվանում են «ֆարսաժային արդարադատություն»»,- ասաց Մելոյանը։

 Նրա խոսքով՝ ոչ միայն մեր երկրում նման նախադեպ չենք ունեցել, այլև ամբողջ աշխարհում նման նախադեպ չկա։

«Դա «ֆորմուլա-1»-ի արագությամբ արդարադատություն է։ Ասում են՝  այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ։ Սամվել Կարապետյանի գործով ևս մեկ ռեկորդային ցուցանիշ ենք գրանցում։  Օրինակ՝ մի հատ տարրական, ամենապրիմիտիվ գործով մինչև դատական քննություն է ընթանում, տարիներ են տևում մարդկանց մոտ։ Ընդհանրապես, մեր դատարանների ծանրաբեռնվածությունը դատական իշխանության լրջագույն խնդիրներից է։ Մեկ օրում այդքան գործընթաց կազմակերպելը․․․ թողնում եմ հետևությունները ձեզ։   Սա ևս մեկ փաստական հանգամանք է , որ այս գործընթացը ծայրաստիճան քաղաքականացված է, որ այս գործընթացը ծայրաստիճան հետևողականորեն վերահսկվում է։ Այս գործընթացում թե՛ դատական իշխանությանը, թե՛ իրավապահ մարմիններին թույլ չեն տալիս իրականացնելու օրենքի տառին ոգուն համապատասխան աշխատանք»,- ընդգծեց փաստաբանը։