Մասիս համայնքի նորընտիր ղեկավարը՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը, ավագանու նիստում հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով թիմի համախմբվածությունն ու նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ցուցաբերվող աջակցությունը։
Նորայր Հակոբյանը, որի օգտին այսօր կողմ են քվեարկել նիստին մասնակցած ավագանու բոլոր 15 անդամները, նախ շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար՝ ընդգծելով, որ դժվար է լինելու շարունակել Դավիթ Համբարձումյանի սկսած աշխատանքները։
«Վստահ եմ՝ շուտով կհաղթի արդարությունը և մեր քաղբանտարկյալ ընկերը կհայտնվի ազատության մեջ։ Պարո՛ն Համբարձումյան, իմ ընկեր, իմ եղբայր, քո թիմն ավելի կոփված, ավելի ամուր քո կողքին է՝ այսօր, վաղը և միշտ»։
Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է 6 տարի երեք ամիս ազատազրկման։ Կալանավորումից հետո նա ՔԿՀ-ից հանդես էր եկել ուղերձով՝ հայտարարելով ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին։










