Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։
Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ-ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։
«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», - հավելել են ԱԳՆ-ից:
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» մասին:
Մասնավորապես ամիսներ առաջ մեզ հայտնել էին, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։
Համաձայնեցնելու մասին նմանօրինակ պատասխան էինք ստացել նաև անցյալ տարվա ամռանը։
Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:










