Նիկոլ Փաշինյանը երկու դեպքում կարող է մաքրագործվել, մեկը ցմահ բանտարկությունն է. Տեր Վրթանես


Նիկոլ Փաշինյանը երկու դեպքում կարող է մաքրագործվել, մեկը ցմահ բանտարկությունն է. Տեր Վրթանես
Նոյեմբեր 14 19:31 2025

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանի դիտարկմամբ՝  Նիկոլ Փաշինյանը կարող է զղջալ իր կատարած սխալների համար, բայց իր դեպքում միայն զղջումը բավական չէ:

«Ապաշխարությունը երեք մասից է  բաղկացած՝ զղջում, խոստովանություն և հատուցում: Նիկոլ Փաշինյանը գիտե՞ք՝ երբ կմաքրագործվի. երբ Արցախի պետականությունը վերականգնվի կամ էլ ցմահ բանտարկվի, այդ երկու դեպքում կարող է  մաքրագործվել, երրորդ տարբերակ չկա»,- Aysor.am-ին ասաց Տեր Վրթանեսը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե Մայր Աթոռ կգնա, երբ իրեն բավարար մաքրված կզգա:

Տեր Վրթանեսի խոսքով՝ Փաշինյանի ապաշնորհ կառավարման շրջանում Արցախի պետականությունն է կորստյան մատնվել, Արցախի թեմն է Հայաստանում հայտնվել, նաև այսօր Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է դատվում հենց Փաշինյանի կառավարության կողմից նրանց ճակատագրերով չզբաղվելու արդյունքում.

«Բանակցություններ էին վարում, ասում էին՝ երկու ամիս էլ մեր գերիները կհամբերեն։ Երկու ամիսը քանի՞ ամիս դարձավ։ Եթե չեմ սխալվում, երկու տարի  անցավ այդ երկու ամսվա փոխարեն: Իմ կարծիքով՝ թիվ մեկ շահագրգիռ անձը, որ Բաքվից մեր ռազմագերիները չվերադառնան, Նիկոլն է: Նույնիսկ դա Ալիևին ձեռնտու չէ, որովհետև միջազգային կառույցների թիրախում է հայտնվում: Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չլինի, այդ մարդկանց ազատ կարձակեն»: