Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» ու կլինի ոչ աշխատանքային. նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանինն է ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանինը։
Ռուբեն Ռուբինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։
ՔՊ-ականն ասաց, թե այդ օրը չի լինելու սգո օր, այլ՝ հիշատակի ու խոնարհման օր։ Այդ օրը կլինի ոչ աշխատանքային։
Ռուբինյանն ընդգծեց՝ չնայած ընդդիմությունը ներկա չէ նախագծի քննարկմանը, բայց հույս ունի, որ նախագծին կողմ կքվեարկեն։
«Լիահույս եմ, որ այս նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ, որովհետև շատ կարևոր է, որ ունենանք հարցեր, որոնց շուրջ կունենանք կոնսենսուս։ Ես կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի այդ կոնսենսուսի մաս»,- նշեց նա։
ՔՊ-ականն ասաց, որ հայրենիքի պաշտպանությունը չպետք է քաղաքականացվի, որովհետև հայրենիքը բոլորինն է՝ անկախ նրանից՝ ՔՊ-ական ես,Դաշնակցական, թե ՀՀԿ-ական։
«Ընդդիմադիրներին կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Ռուբինյանը։










