Շուշիի անկման պատասխանատուն ոչ թե մարտնչող զինվորներն ու հրամանատարներն են, այլ Հայաստանի ղեկավարությունը. Սեյրան Օհանյան


Շուշիի անկման պատասխանատուն ոչ թե մարտնչող զինվորներն ու հրամանատարներն են, այլ Հայաստանի ղեկավարությունը. Սեյրան Օհանյան
Նոյեմբեր 10 23:25 2025

«Միանշանակ է, որ Շուշիի ազատագրման ժամանակ ավելի քիչ կորուստներ ենք ունեցել, քան 44 օրյա պատերազմի ընթացքում՝ Շուշիի անկման ժամանակ»,- Aysor.am-ին ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով՝ Շուշիի ազատագրման ժամանակ՝ արցախյան ազատամարտում, մեր հնարավորություններն ավելի քիչ էին, բայց  կարողացանք ռազամավարական նպատակադրման ու հավաքական կամքի շնորհիվ հասնել հաջողությունների.

 

«Պատերազմի ընթացքում կարողացանք տարատեղված տարբեր կամավորական ջոկատներից կենտրոնաձիգ կանոնավոր բանակ ստեղծել, որը հետագայում տարավ նաև հաղթանակների: Բայց ի՞նչ տեսանք 44 օրյա պատերազմում: Տեսանք ՝ կամավորական ջոկատներից ստեղծված կանոնավոր բանակը այսօրվա ղեկավարության՝ կոնկերտ Փաշինյանի գլխավորությամբ, նորից վերածվեց կամավորական ջոկատների: Իր խոսքն էր չէ՞,  ջոկատներ կազմեք 40-50  հոգանոց, գտեք սաղավարտներ ու զրահաբաճկոններ և գնացեք կռվելու: Այնինչ, ինքը պետք է կարողանար պետությունը ռազմական ռելսերի վրա փոխադրել, մոբիլիզացիա կատարել ու որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը և տաներ, փակեր»:

 

Նախկին նախարարի խոսքով՝ Շուշիի անկումը պետք է դիտարկենք 44-օրյա պատերազմի ողջ պատերազմի համատեքստում. «Հակառակորդը, պատերազմի ընթացքում գլխավոր հարվածը հասցնելով Արցախի հարավային ուղղությամբ, կարողացել է  այդ ուղղությամբ զարգացնել իր հարձակվողական գործողությունները  և ոչ միայն տիրել Շուշիին, այլև հասնել ՀՀ սահմաններ ու տիրել այն ռազմավարական բարձունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար: Այն, ինչ իրենց տիրապետության տակ է՝  Սև լիճ, Գորիս- Կապան  ճանապարհի կարևոր հատվածներ, Իշխանասար, Ջերմուկ, Վարդենիսի հատվածներ, ռազմավարական նշանակություն ունեն հետագայում ոչ միայն ճնշելու, այլև, եթե ցանկություն ունենան,  հարձակումները այդ ուղղությամբ զարգացնելու»:

 

Սեյրան Օհանյանն ընդգծեց նաև՝  թեև այսօր Շուշիի կոնկրետ  մարտական գործողությունների դրվագներով  քննություն է տարվում, բայց  «պատասխանատուները ոչ թե Մարտունիում,Ասկերանում,  Քարվաճառում, Մարտակերտում մարտնչող հրամանատարներն ու զինվորներն էին, այլ ՀՀ գլխավոր ղեկավարությունը»: