Թալինում պատարագին խոստովանության կարգ անցկացրած կարգալույծ քահանան կնոջից առանձին է ապրել, Բագրատ Սրբազանը նրան ուղարկել էր հաշտվելու


Թալինում պատարագին խոստովանության կարգ անցկացրած կարգալույծ քահանան կնոջից առանձին է ապրել, Բագրատ Սրբազանը նրան ուղարկել էր հաշտվելու
Նոյեմբեր 10 23:12 2025

«Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկվա պատարագին խոստովանության կարգը կատարեց մի նախկին քահանա՝Վարդան Հունանյանը, որը մեղքերի թողություն տալու իշխանություն չունի»,- Aysor.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Այսինքն՝ այդ բոլոր հաղորդվողները, որոնք երեկ պատարագին հաղորդվեցին, իրենք առանց խոստովանության հաղորդություն են ստացել, որովհետև Վարդան Հունանյանը ի զորու չէ մեղքերի թողություն տալու, շնորհազուրկ քահանա է նախկին:  Երեկվա պատարագն էլ շատ օրինական չէ այդ առումով»,- ասաց Տեր Վրթանեսը:

Նա պատմեց՝ ինչու է Վարդան Հունանյանը կարգալույծ արվել.

«Խնդիրը մոտ երկու տարվա է, որ վերջապես Մայր Աթոռը նրան կարգալույծ արեց: Այս մարդն իր կնոջից առանձին էր ապրում: Այն իր ասածը, թե «արձակուրդում եմ», Բագրատ Սրբազանը նրան ոչ թե արձակուրդ էր տվել, այլ ասել էր ՝գնա, կնոջդ հետ կհաշտվես, կվերադառնաս, կներեմ: Այդ վիճակով, կոպիտ ասած,  դու քահանա չես»:

Իսկ Թալինի պատարագը, ըստ Տեր Վրթանեսի, հակականոնական չէ, քանի որ  պատարագն անցկացրած Տեր Թադե քահանա Թախմազյանը դեռ կարգալույծ չի արվել:

Հիշեցնենք, որ Տեր Թադեն էլ է միացել հակաեկեղացական արշավին, իր աջակցությունն է հայտնել Հովհաննավանքի կարգալույծ քահանային՝ Ստեփան Ասատրյանին: