Մեր համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել հզոր համայնքներ, որոնք կծառայեն ի շահ բոլոր քաղաքացիների. Խուդաթյան


Մեր համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել հզոր համայնքներ, որոնք կծառայեն ի շահ բոլոր քաղաքացիների. Խուդաթյան
Նոյեմբեր 10 11:12 2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առիթով

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Այսօր մենք նշում ենք տեղական ինքնակառավարման օրը՝ որպես մեր ժողովրդավարության կարևոր բաղադրիչ։

 

Տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են մեր պետականության կարևորագույն հիմքը և ապահովում են բնակիչների խնդիրների լուծումները տեղական մակարդակում:

 

Շնորհավորում եմ բոլորիս տեղական ինքնակառավարման 29-ամյակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ՝ մեր համայնքները և բնակավայրերն ավելի բարեկեցիկ դարձնելու գործում:

 

Համայնքների միավորման գործընթացին զուգահեռ՝ Կառավարությունը մեծապես կարևորում է լիազորությունների ապակենտրոնացման բարեփոխումների օրակարգը, որի արդյունքում կմեծանան համայնքների, մարդկանց մասնակցությունն իրենց՝ տեղական նշանակության հանրային հարցերի լուծման լիազորություններն ու կարողությունները, իսկ հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման շնորհիվ էականորեն կբարելավվեն համայնքներում մարդկանց կյանքի որակն ու կենսամակարդակը։

 

Լավ կառավարման սկզբունքները խթանում են համայնքների և քաղաքացիների զորեղացումը, ձևավորում ավելի մասնակցային ու պահանջատեր հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է մասնակցել իր կյանքին և ապագային վերաբերող որոշումների կայացմանը։

 

Մենք համոզված ենք, որ պատասխանատու և հաշվետու կառավարումը հնարավոր է ապահովել միայն քաղաքացիների ակտիվ մասնակցության միջոցով։

 

Տեղական ժողովրդավարությունը կարող է կայանալ միայն կայուն, թափանցիկ, մասնակցային և կարողունակ ՏԻՄ-երի շնորհիվ` տալով ՏԻՄ-երին որոշումներ կայացնելու և տեղական զարգացման առաջնահերթությունների համար ռեսուրսներ հատկացնելու ինքնավարություն։

 

Կառավարությունը պատրաստակամ է շարունակել տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացման գործընթացները, ինչպես նաև վճռական է աջակցել ՏԻՄ-երի զարգացմանը և վերջիններիս հետ համագործակցությանը՝ բարձրացնելով դրանց կարողությունները, ապահովելով անհրաժեշտ ռեսուրսներով և փոխանցելով նոր լիազորություններ:

 

Մեր համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել հզոր համայնքներ, որոնք կծառայեն ի շահ բոլոր քաղաքացիների»։